Գյուղատնտեսության ոլորտում շրջադարձային նշանակության բովանդակային փոփոխություններ ենք իրականացրել: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք գյուղացուն ասել ենք՝ այս զարգացման ծրագրերով խելացի անասնագոմեր կառուցեք, մենք ձեր ծախսած գումարի 50 տոկոսը ձեզ հետ կտանք: 25-70 տոկոս սահմանամերձ գյուղերում զարգացման ծրագիր ենք ներդնում գյուղացու համար, և երբ գյուղացին մտնում է այդ զարգացման տրամաբանության մեջ, մենք իր ծախսած գումարի մինչև 70 տոկոսը վերադարձնում ենք: 580 միլիոնից ավելի այս պահի դրությամբ մենք գյուղացիներին իրենց ծախսած գումարը վերադարձրել ենք: Սա բացարձակ քիչ է, բայց ստարտի առումով բավականին լավ մեկնարկային կետ է»,- ասաց Փաշինյանը:
Մեզ սպասում է առաջիկայում թերևս ամենասենսացիոն նորություններից մեկը՝ 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում, ասաց վարչապետը՝ հավելելով, որ այն արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:
«Վերջին տարիներին, օրինակ՝ 2020-ին, 22.8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել: Սևանից ջուր բաց թողնելու համար մեզնից ոչ մեկը միլիոնատեր չի դարձել, որովհետև եթե դուք էներգետիկ համակարգի ներկայացուցիչների հետ խոսեք իրազեկ՝ կտեսնեք, որ կասեն՝ կա օդում պտտվող խոսակցություն, որ Սևանի 1 սմ ջուրը 1 մլն դրամ է, որովհետև երբ բաց է թողնվում համակարգ և դառնում էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: