Բոլորը մոռացել են, որ Հայաստանի տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը փայ մտնելու թեման էր՝ ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Դուք 2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի որևէ բիզնեսի մեջ: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, թե մարդը մտածում է՝ իր սեփականությունը կշարունակի՞ իրենը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա ու կասի, որ սրա 10, 50 կամ 100 տոկոսն իմն է: Իհարկե չկա: Եվ էս ֆոնին ասում են՝ կառավարման բոլոր ոլորտներում ձախողեց կառավարությունն, ու էդպես շարունակ»:
2019-ին մենք 43 տոկոսով ավելացրել ենք պետբյուջեի եկամուտները՝ նշեց Փաշինյանը.
«Պատկերացնում եք՝ մի տարվա ընթացքում երկրում 43 տկոսով ավելանան պետական բյուջեի եկամուտները՝ հարկային դրույքաչափերի ու հարկային բեռի նվազեցման պարագայում»:
Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում եղել են մենաշնորհներ, որ եղել են մարդիկ, ովքեր իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, իսկ մյուսները իրավունք չեն ունեցել՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը.
«Այդ թեման չկա: Որևէ մեկը լսե՞լ է, որ 2018-ից հետո որևէ մեկը ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհներ ունի: Չի՛ կարող լինել այդպիսի բան»:
Հարկային հավաքագումների առումով բազմաթիվ բաներ կան, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի են ունեցել առաջին անգամ: Նույնիսկ հետպատերազմական ու ճգնաժամային այս շրջանում մենք մեկ ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ են սահմանել:
«Երրորդ հանրապետության ողջ գոյության ընթացքում չի եղել մի ամիս, որ ամսվա կտրվածքով 180 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովվի: Ուզում եմ էլի հիշեցնել որ 2019-ին մենք արձանագրել ենք վերջին 10 տարվա համար ամենամեծ տնտեսական աճը ՀՀ-ում, որն ամենաբարձր տնտեսական աճն է եղել ողջ եվրոպական տարածաշրջանում»,- նշեց Փաշինյանը: