ՀՅԴ-ի և Վերածնվող Հայաստան կուսակցությունների հետ «Հայաստան» դաշինքի հուշագիր ստորագրելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ է ունեցել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
«Վերջին անգամ հանրահավաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսալուց: Իշխանը Սաղաթելյանը 6 ամիս տրեներովկաների մեջ է: Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարևոր բովանդակային հարցերի: Մինչ դրան անդրադարձը կցանկանայի ասել, որ մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ և կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասել է նա:
Քոչարյանը հայտարարել է,ո ր երկրի առաջ երեք խնդիր կա: «Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները»,- ասել է նա:
«Երկրորդը. Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից»,- նշել է նա՝ հավելեով, որ պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների:
Երրորդը. երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է՝ ասել է նա՝ կարևորելով ճգնաժամի հաղթահարումը:
Լրագրողի հարցին ի պատասխան էլ Քոչարյանն այսօր ՀՀ առաջին և երրորդ նախագահներին կոչ է արել պայքարել իշխանության դեմ: «Ես առաջարկում եմ և առաջին, և երրորդ նախագահներին պայքարել միասին այս իշխանության դեմ։ Պայքարել ամեն օր։ Միասնական դաշինք ձևավորել, չձևավորելը գործիքներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Միայն կողջունեմ, որ ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ»,- նշել է նա: