Խաչիկ Իսունց (44-օրյա պատերազմի մասնակից) - Ուսումնական պրոթեզն էր, դաժե դրանով վազում էի:
Հիմնականն արդեն իր հետ է, օգնում է անցնել լիարժեք կյանքի: Պատերազմի վիրավոր տղերքը 7 ամիս անց ոտքի են կանգնում:
Խաչիկ Իսունց - Ո՛չ քայլելուց եմ նեղվում, ո՛չ վազելուց, ո՛չ աստիճան բարձրանալ-իջնելուց, մեքենաս քշում եմ ազատ, հանգիստ:
Հայրը՝ ձախ, որդին՝ աջ ոտքն է կորցրել: Խաչիկը վիրավորվել է Մարտունիում, Գևորգը՝ Մեխակավանում: Լիարժեք կվերականգնեն առողջությունն ու կրկին Արցախ կգնան՝ բնակվելու այնտեղ: Կռիվ չգնալ չէին կարող, բա խի՞ղճը՝ անկեղծանում է Գևորգ Իսունցը:
Գևորգ Իսունց (44-օրյա պատերազմի մասնակից) - Բժշկությունն էնպես ա զարգացած, որ մարդ չի նեղվում, ազատ շարժվում ես: Իմը դեռ ուսումնավարժականն է:
Ոտքերը պատերազմում կորցրած Շահեն Բաբայանն էլ հիմա պայքարում է ոտքի կանգնելու համար:
Շահեն Բաբայան (44-օրյա պատերազմի մասնակից) - Կուզեի վերջին օրերը վիրավորվեի, կեսից չվիրավորվեի:
Շահենի կամքը ոգևորել է նրա հետ աշխատող մասնագետին: Տիգրան Ղարիբյանը Մոսկվայից եկել է Երևան՝ օգնելու հայ գործընկերներին՝ իրականացնել բարդ պրոթեզավորումը:
Տիգրան Ղարիբյան (Գերմանական Ottobock ընկերության Ռուսաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն) - Ապշած եմ՝ լավ իմաստով, քանի որ մի քիչ էս տեսակի ամպուտացիաների դեպքում՝ երկկողմանի, Շահենը շատ շուտ ընտելացավ, հասկացավ պրոթեզի ղեկավարման ձևը: Ապրե՛ս, Շահե՛ն ջան:
Վիրավոր զինվորներից շատերն են բուժամարզական պրոթեզից անցնում հիմնականի: Պետությունից ստանում են հավաստագիր, ընտրում որակավորում ունեցող պրոթեզավորող 5 կազմակերպությունից մեկը:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Հաշմանդամության խումբ առայսօր սահմանվել է մոտ 1100 անձի, 100-ն ունեն 1-ին, 200, մի քիչ ավելի՝ 2-րդ, մյուսները՝ 3-րդ: Ունենք նաև, որ դեռևս հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել, անաշխատունակության թերթիկի ժամկետն ենք երկարացրել՝ սպասելով ֆունկցիայի վերականգնմանը:
Մոտ 150 զինծառայող է կորցրել վերին, ստորին վերջույթներ: Նրանցից 116-ն ունեն ոտքի տարբեր աստիճանի անդամահատում, 23 անձ՝ ձեռքի:
Տաթևիկ Ստեփանյան - Տարբեր մասեր են ներկրվում, որոնք, ըստ գնահատման արդյունքի, չափերի, ըստ անձի շարժունակության, կենցաղային միջավայրի, որտեղ ապրելու և աշխատելու է, ըստ Մոբիսի աստիճանի, տրվում են պրոթեզներ:
Կարեն Մնացականյան (օրթոպեդ-պրոթեզավորող) - 44-օրյա պատերազմի մասնակից Օհանյան Գեղամի պրոթեզն ա, ծնկից վերև: Հիդրավլիկ ծունկ ա դրած, որը թույլ ա տալիս ավելի գեղեցիկ քայլվածքով, սահուն շարժվի:
Վիրավոր որ զինծառայողն ինչպիսի պրոթեզի կարիք ունի. սոցիալական գերատեսչությունը կարիքի գնահատումն արել է նաև Արցախում: Սասունն Արցախից է, կորցրել է երկու ոտքը: Ուրախ է՝ իր պահած հատվածն Արցախի հսկողության տակ է, հակառակորդին պատասխանում է ժպիտով:
Սասուն Դանիելյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Երեսուն տարի լացել են, ժամանակավոր ուրախանան:
Արուսյակ Հովհաննիսյան (օրթոպեդ -պրոթեզավորող) - Վերջնական պրոթեզն եմ հավաքում, կոսմետիկայով արդեն, մեր զինվորի: Պրոթեզավորման կարիք ունեցող 85 զինծառայող է դիմել այս կենտրոն: Պետպատվերով նախ տրամադրվել են բուժամարզական պրոթեզներ, ապա նաև՝ հիմնականը:
Գերժամանակակից պրոթեզները պատրաստվում են գերմանական հումքով:
Արթուր Պետրոսյան (Ինտերօրթո պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն) - Սպասվածից լավ արդյունք ունենք, քանի որ գործ ունենք ավելի երիտասարդ ու առույգ տղաների հետ:
Տաթևիկ Ստեփանյան - Առավել ֆունկցիոնալ պրոթեզավորման գործընթացում նախարարությունը երկու հուշագիր է կնքել, մի կողմից՝ Համահայկական հիմնադրամն է, «Հավերժական ազգ» հիմնադրամը, որոնք պատրաստ են աջակցել, որ մեկտեղենք գործողությունները, որ համակարգված լինեն: Տղաների ընտրած պրոթեզարաններին էլ կատարվում է ֆինանսավորումը:
Տղաները տրամադրված են այս պայքարը մինչև վերջ՝ հաղթանակով տանել:
Շահեն Բաբայան - Եթե կոտրվենք, ինչ պրոթեզ էլ լինի՝ չենք կարող քայլել: