ՈՒԵՖԱ-ն հրապարակել է հայտարարություն, որը վերականգնում է Սուպերլիգայի ստեղծման հիմքում ընկած 9 ակումբների անդամակցությունը կառույցում, որը ժամանակավորապես կասեցվել էր:
Այդ քայլով ՈՒԵՖԱ-ն վերահաստատել է իր հաղթանակը, այսպես կոչված, Սուպերլիգա նախաձեռնության նկատմամբ: Սակայն եվրոպական ֆուտբոլը կարգավորող կառույցը չի մոռացել նաև պատժամիջոցների մասին:
Արձանագրելով «Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Չելսիի», «Ինտերի», «Միլանի» ու «Ատլետիկոյի» վերադարձը, միաժամանակ ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ ակումբները պարտավորվում են 15 մլն եվրոյի նվիրատվություն անել, ինչպես նաև հրաժարվել իրենց եվրագավաթային եկամուտների հինգ տոկոսից:
Սուպերլիգայի նախաձեռնության հիմքում ընկած երեք մյուս ակումբների մասով՝ «Ռեալի», «Յուվենթուսի» և «Բարսելոնայի», ՈՒԵՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել, քանի որ նրանք փաստացի Սուպերլիգայից դուրս գալու որոշման մասին չեն հայտարարել:
Այս առիթով հնչում են տարատեսակ կարծիքներ, որ, ամենայն հավանականությամբ, այս երեք եվրոպական գրանդները կարող են ավելի լուրջ մակարդակի պատիժ կրել՝ ընդհուպ մինչև գալիք մի քանի մրցաշրջանների ընթացքում եվրոպական որևէ ակումբային մրցաշարում ներկայացված չլինելը: