Կարո՞ղ է Հայաստանը դառնալ դարպաս Եվրոպայի ու Ասիայի միջև և կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ, ինչպես պատկերված է քարտեզում:
Հայաստանի տրանզիտային ներուժի մասին խոսվում է անկախությունից ի վեր: Դա պայմանավորված է երկրի աշխարհագրական դիրքով: Հայաստանն Իրանը Սև ծովին կապող ամենակարճ տարբերակներից մեկն է: Չնայած այդ հանգամանքին, 3 տասնամյակների ընթացքում այդպես էլ չի հաջողվել իրացնել տարանցիկ երկիր դառնալու ներուժը: Այժմ հորիզոնին նշմարվում է ևս մեկ հնարավորություն:
«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագիրը քննարկվում է տարիներ շարունակ, իսկ մոտ ապագայում բոլոր դետալները պետք է ավարտին հասցվեն:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Այս փուլում համաձայնագրի, այսպես կոչված, դրաֆտը պատրաստ է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը նշում է՝ մասնակից երկրները գրեթե ավարտին են հասցնում համաձայնագրի վերջնական տարբերակը: նախատեսվում է կառուցել մի տրանսպորտային միջանցք, որը կձգվի Պարսից ծոցով, Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով կհասնի Սև ծով, որտեղ արդեն նավերի միջոցով բեռները կտեղափոխվեն Բուլղարիա և Հունաստան: Սոֆիան պաշտոնապես միացել է համաձայնագրին և հայտարարել՝ օգտագործելու է Վառնա և Բուրգաս քաղաքների նավահանգիստները:
Սակայն այսքանով նախագիծը չի ավարտվում:
2015 թվականին Իրանն ու Հնդկաստանը ստորագրել են մի համաձայնագիր, որով նախատեսվում էր զարգացնել իրանական Չաբախար նավահանգիստը: Հնդկաստանը պարտավորվել էր ներդնել 200 մլն դոլար այդ գործում: Այդպիսով՝ համաձայնագրին ոչ ուղղակի միացել է նաև Հնդկաստանը, որի համար ջրային ճանապարհով Եվրոպա հասնելու հիմնական տարբերակն այժմ Սուեզի ջրանցքն է:
Այս համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար: Մեր երկիրը մինչ այժմ ներգրավված չի եղել նմանատիպ միջազգային ծրագրում:
Վարդան Ոսկանյան (իրանագետ) - Այս ուղին ենթադրում է մուլտիմոդալ փոխադրումների համակարգ: Ծով, երկաթուղի, ավտոմայրուղի, hետևաբար, այս համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց կարևոր է, քանի որ իրանցիները փորձում են դեպի հյուսիս ճանապարհ ունենալու գործում ունենալ այլընտրանք:
Իրանի նախաձեռնած այս ծրագրին ֆորմալ ներգրավված է նաև Ադրբեջանը, սակայն վերջին հանդիպումներին և քննարկումներին այդ երկիրը չի մասնակցել: Ինչ վերաբերում է Թեհրանին, այն Արցախյան երկրորդ պատերազմից հետո և պատժամիջոցների վերացման խոսակցությունների ֆոնին ակտիվացրել է ջանքերը հենց այս ճանապարհի կառուցման ուղղությամբ: Իսլամական Հանրապետությունում ձգտում են դիվերսիֆիկացնել հաղորդակցության ուղիները դեպի Եվրոպա և ճանապարհ ունենալ թե Ադրբեջանի ու Թուրքիայի, թե Հայաստանի տարածքով:
Արմեն Սիմոնյան - Ունենք նաև ծովային փոխադրում, որը կգնա Վառնա նավահանգիստ: Մեր պարագայում՝ ավտոմոբիլային փոխադրումների մասին է: Կիրագործվի՞ այս նախագիծը, թե՞ ոչ՝ պայմանավորված է մի քանի հանգամանքով: Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսությունն այժմ բարդ կացության մեջ է պատժամիջոցների պատճառով: Եթե դրանք վերացվեն, կապասառեցվեն նաև Թեհրանի հաշվեհամարները, և հնարավոր կլինի զգալի միջոցներ ուղղել նախագծի իրականացմանը: Մեծ և միաժամանակ բարդ է Հայաստանին բաժին հասնող անելիքը: Ճանապարհն անցնելու է Հյուսիս-հարավ մայրուղիով, որը մեր երկիրը կառուցում է 2012 թվականից:
Արմեն Պետրոսյան (տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ) - Կան նախագծեր, որոնք բացի տնտեսական բաղադրիչից, ունեն նաև մեզ համար անվտանգային նշանակություն: Դրանցից մեկը Հյուսիս-հարավն է, նույն Իրան-Հայաստան երկաթգիծը, սրանք համազգային նշանակության ծրագիր են, որոնք կազմում են Հայաստանի անվտանգային համակարգի առանցքը:
Եթե Հայաստանին հաջողվի ավարտին հասցնել Հյուսիս-հարավ նախագիծը, մեր երկիրը կարող է Մերձավոր Արևելքի՝ Պարսից ծոցի երկրների համար տարանցիկ ճանապարհ հանդիսանալ դեպի Սև ծով: Այդ պարագայում անհամեմատ ավելի շատ բեռնափոխադրումներ կիրականացվեն: