Գյումրու Կարմիր Խաչի տեղամասային պոլիկլինիկա Նարինե Հովհանիսյանը եկել էր պարզապես զրուցելու բժշկի և պատվաստող բուժքրոջ հետ, որպեսզի որոշեր՝ պատվաստվե՞ր, թե՞ ոչ։ Իրենից առաջ պատվաստվողներին տեսնելով և մասնագետների հետ քննարկելուց հետո միանգամից որոշում կայացրեց՝ պատվաստվում է։ Սակայն նրան դեռ հետազոտում են։ Բժշկից հետո մեկ անգամ էլ իմունոլոգիայի կաբինետի բուժքույրն է չափում արյան ճնշումը և սատուրացիան։ Ճնշումը նորմալ է, թթվածինը թոքերում՝ ևս, Նարինեին պատվաստում են։
Նարինե Հովհաննիսյան - Համաճարակը հաղթահարելու համար որոշեցի պատվաստվել: Վտանգը մեծ է, խորհուրդ կտամ բոլորին պատվաստվել, վախենալու ոչինչ չկա։
Ուղիղ վեց ամիս առաջ մահաբեր վիրուսը Նարինեից խլեց հայրիկին։ Մինչև հիմա չի կարողանում հարազատի կորստյան սթրեսը հաղթահարել։ Հայրն առողջ էր, մի փոքր շաքար ուներ։ Հիմա նա բոլորին է խորհուրդ տալիս պատվաստվել։ Ոչինչ արտառոց չի զգում։
Սկզբում, երբ սկսեցինք պատվաստել, մարդիկ խուսափում էին, հիմա հետաքրքրվողներն էլ, պատվաստվողներն էլ օր-օրի ավելանում են՝ ասում է պատվաստող բուժքույրը։
Մագդա Ղազարյան, Իմունոլոգիայի կաբինետի պատվաստող բուժքույր - Սկզբից խորհրդի համար էին գալիս, կասկածներով, հիմա չէ, իրենք են հարցնում: Օտարերկրյա քաղաքացիներ էին եկել՝ 44, 29 տարեկան, եկան, պատվաստվեցին:
Վաթսունից բարձր տարիքային խումբն է ակտիվ՝ ասում է Ղազարյանը, հատկապես նրանք, ովքեր արտերկրում ապրող հարազատ ունեն։
Մագդա Ղազարյան - Հայաստանից դուրս բնակվողները ծնողներին, բարեկամներին հորդորում են գալ, պատվաստվել։
Կարմիր Խաչի պոլիկլինիկան պատվաստվողների թվով մարզում առաջատարն է, քաղաքացիներն արդեն հարյուրն անցնում են։ Ո՞վ էր առաջին համարձակը, Մագդա Ղազարյանը չի հիշում, առաջիններից մեկը հիվանդանոցի տնօրենն էր՝ Հովհաննես Վարձելյանը։
Հովհաննես Վարձելյան, Կարմիր Խաչի պոլիկլինիկայի տնօրեն - Ես եմ պատվաստվել, անձամբ իմ ծնողներին եմ պատվաստել: Սա կամավոր է, իհարկե, ոչ մեկ չի ստիպում:
Պատվաստումներն այստեղ սկսել են ապրիլի 12-ից, բարդություններ ոչ մեկի մոտ չի գրանցվել։
Հովհաննես Վարձելյան - Մի փոքր ջերմության բարձրացում է նկատվել, այն էլ մեկ-երկուսի մոտ:
Մահաբեր վիրուսի տարածումը մի փոքր թուլացել է Շիրակի մարզում, բայց ստացիոնար ծառայությունները դեռ լարված են աշխատում։ Ալիքն իջնում է, և այս ընթացքը պետք է ճիշտ օգտագործել՝ ասում է Հովհանես Վարձելյանը։
Պավաստում են «Սպիտնիկ V»-ով և «Աստրազենեկայով», շուտով նաև Շիրակի մարզը չինական պատվաստանյութ կստանա։