Այսօր մեկնարկել է Երիտասարդական ֆորումը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:
Բացումը տեղի է ունեցել Hope For Coffee երիտասարդական բենդի երաժշտական կատարումներով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության մշակմանը և ֆորումի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկում՝ ընդգծելով. «Այս ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»։
ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է նախագծի գերակայությունները, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ զուգահեռ հարցեր ուղղելով նաև երիտասարդ մասնակիցներին։
Երիտասարդների մեծամասնությունը կարծում է, որ ռազմավարությունը պետք է լուծի ոլորտային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթությունը, անվտանգությունը, աշխատանքը, ներգրավվածությունը, մոտիվացիան և այլն։