Ամեն տարի այս օրերին Հանրային ռադիոյում տրամադրությունները փոխվում են: Հյուրերի են սպասում բոլոր խմբագրություններում, իսկ հյուրերը տասնամյակներ շարունակ ռադիոյում աշխատած, իրենց հետաքրքիր ու բովանդակալից հաղորդումներով եթերը լցրած աշխատակիցներն են: Նրանցից շատերը հիմա էլ տնից հետևում են եթերին, դիտարկումներ անում: Ռադիոյի օրը գործընկերներին էր միացել նաև Ռուզաննա Վադերեսյանը:
Հեռուստատեսությունն ու ռադիոն այնպիսի հիվանդություններ են, որոնց դեղատոմսը չկա: Մեկ որ այս աշխարհ մտար, սիրահարվեցիր՝ այլևս երբեք չես բուժվի, կատակում են հեռուստատեսության ու ռադիոյի մարդիկ՝ հիշելով եթերում ու եթերից դուրս իրենց ապրած ամենահետաքրքիր օրերը: Նրանք միմյանց շնորհավորում են հայկական հեռուստատեսության 65- և ռադիոյի 95-ամյակների առիթով:
Վարուժան Օլքինյան (հաղորդավար) - Ռադիո և հեռուստատեսություն մտած մարդը հիվանդանում է ռադիո և հեռուստաախտով, և էդ ախտը մեզ բերում-հասցնում է մի երջանիկ գագաթի, որից էն կողմ էլ չեմ պատկերացնում ուրիշ բան:
Ռադիոյում ու հեռուստատեսությունում 50 տարվա փորձառությամբ Սարգիս Նաջարյանն ու Վարուժան Օլքինյանը պարզում էին, թե իրենցից ով է ավելի «հին»:
Սարգիս Նաջարյան (հաղորդավար) - Էդ կես դարը մի մարդկային կյանք է, բայց ինձ համար երևի թե 100 դար է, որովհետև ես միշտ կատակով ասում եմ՝ եթե ինձ տուն չթողնեն, ես կգամ ռադիոյում կմնամ: Սա իմ երկրորդ տունն է:
Թե՛ հեռուստատեսությունը, թե՛ ռադիոն շատերի՛ համար են երկրորդ տուն: Հանրային ռադիոյի բակում նախատեսված բացօթյա թեյախմությունը եղանակի պատճառով տեղափոխվեց ռադիոյի շենք: Այստեղ, այս փոքրիկ սենյակում, տասնամյակներ շարունակ մեկ տան նման իրար հետ աշխատած ու կարելի է ասել՝ ռադիոյում և հեռուստատեսությունում ապրած մարդիկ նորից մի մտերիմ տուն դարձան, տարբեր տարիների ջերմ հիշողություններ արթնացան: «Մեղվի փեթակն էլ է փոքր»,- ասացին, «կարևորը՝ մեղրը շատ լինի»:
Շատ պատասխանատու է լինել 65-ամյա հեռուստատեսության տնօրեն՝ հայտարարեց Հովհաննես Մովսիսյանը ու կատակեց՝ ռադիոյի տնօրենի դեպքում պատասխանատվությունը մի փոքր ավելի մեծ է, ռադիոն 95 տարեկան է:
Հոբելյանական տարին և առհասարակ հանրային ռադիոյի ու հեռուստատեսության ապագան խոստումնալից են լինելու, վստահեցրին տնօրենները:
Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Մենք տարվա ընթացքում դեռ շատ միջոցառումներ ենք ունենալու և միասին շատ լավ նշելու ենք այս հոբելյանական ամյակները:
«Մենք չեն մրցակցում երկրի ներսում»,- ասաց Հանրային ռադիոյի տնօրենը: «Մեր մրցակցության դաշտը Երկիր մոլորակն է»:
Գարեգին Խումարյան (Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն) - Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք դառնալու ենք ոչ միայն ՀՀ, այլ նաև մեր մեծ տարածաշրջանի առաջատար լրատվամիջոցներից մեկը, և խոսքը ոչ միայն ձայնային հոսքի մասին է, այլև բոլոր հնարավոր՝ այս պահին գոյություն ունեցող և հեռանկարային հարթակների մասին է: Համենայն դեպս, մեր նպատակադրումը սա է:
Հանրային ռադիոյի հարակից պատը այսուհետև կզարդարի «Հեռուստառադիո» խորհրդանշական պաստառը, որը պատկերում է ռադիոունկնդրին, հեռուստադիտողին, ավագ ու կրտսեր սերունդներին: Պաստառի գլխավոր գաղափարը այս բոլորի միասնականությունն է:
Դավիթ Փարթամյան (պաստառի հեղինակ) - Երբ պարոն Շիրինյանն ինձ կանչեց և ասաց՝ 20 մետրը 3 մետրի վրա պաստառի գաղափար կա, որը, ըստ էության, պետք է ձեռքով նկարված լինի, ես 3 գիշեր չեմ քնել, բայց հետո կերպարներն իրենք իրենցից բխում էին:
Չնայած իրենց տարիքին՝ հանրային ռադիոն ու հեռուստատեսությունը միշտ երիտասարդ են՝ անընդհատ համալրվող երիտասարդ կադրերով: Որոշ ընտանիքներում մասնագիտությունը սերունդներին է փոխանցվում:
Իսկ ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը ապրեցնում ու թարմացնում է հանրայինով երբևէ հնչած ամենասիրված երգերը: