«Բարև, մամա ջան». հայրենական պատերազմի ժամանակ զինվորների նամակների մեծ մասը սկսվում են այսպես: Հետո հարցերն են՝ ո՞նց եք, ի՞նչ նորություն կա: Գրությունները երբեմն կարճ են և եռանկյունաձև ծալված՝ ծրարի փոխարեն: Ճակատից երկտողերը հիմնականում ծնողների, նաև սիրած կանանց համար էին:
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում նամակներին նվիրված առաջին ցուցադրությունն է:
Լիլիա Առուշանյան («Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ) - Վրույր Դավթյանի նամակն է՝ գրված 1945 թվականի ապրիլի 4-ին: Նա կնոջն է գրում: Գեղանուշ, ջանիկս, այսպես է սկսվում նամակը: Վերջապես ստացա քո նամակը, ինչի համար շատ ուրախ եմ: Գրում է՝ ձմեռն անցավ, մի կերպ անցկացրինք այս ցուրտ ձմեռը, և արեգակը մեկ-մեկ արդեն երևում է:
Հետո խնդրում է, որ համբուրի երեխաներին, բարևի հարևաններին: Թանգարանի արխիվում 800-ից ավելի նամակ կա:
Լիլիա Առուշանյան - Ասում էին, որ համոզված են, որ հաղթանակած կվերադառնան տուն: Համոզված են, որ ամեն ինչ լավ կլինի:
Թանգարանի մյուս հարկում էլ 2-րդ համաշխարհային պատերազմի ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի ու մեքենաների մանրակերտերն են: Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայրենական պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակին: Հավաքորդ Սամվել Աբովյանի հավաքածուում մի քանի պետության լեգենդար մեքենաներն ու ինքնաթիռների մանրակերտերն են: Նմուշները հավաքել է 40 տարուց ավելի:
Սամվել Աբովյան (հավաքորդ) - Ֆոկենվուրդները, մեսերշմիթները, յակերը, միգերը, որոնք իրենց մեծ դերն են խաղացել մեր հաղթանակի, Սովետական միության հաղթանակի մեջ և լի են բազմաթիվ հետաքրքիր պատմություններով:
Ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:
Անի Ավագյան