Երևանի Աբովյան 29 հասցեի այս հին շենքում կյանքի 27 տարիներն է ապրել Դերենիկ Դեմիրճյանը: Նույն շենքում բնակվում էին ազգային մշակույթի մեծերը՝ Արման Կոթիկյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Վահան Միրաքյանը, որոնց աչալրջորեն վերահսկում էին հարևանները՝ անվտանգության ծառայության գործակալները: Դեմիրճյանի թանգարանի պատմության 44 տարիների ընթացքում այն առավելապես անմխիթար վիճակում էր մինչև վերջին վերանորոգումն ու տեխնիկական վերազինումը: Այժմ թանգարանը փորձում է հիմնավորապես կոտրել գրողի կերպարին պարտադրված խորհրդային կարծրատիպերը:
30-ականների երևանյան փոքրիկ բնակարանում մեկտեղվել են բազմատաղանդ գրողի մեծ օժտվածությունների վկայությունները. նա կարող էր նույնքան տաղանդավոր գեղանկարիչ, գիտնական և երաժշիտ լինել: Բոլորովին այլ թեմա են սիրառատ Դեմիրճյանի թուլությունները:
Սակայն քարոզչական ծրագրերի առանցքում դեմիրճյանական հայապատումն է՝ նրա «Հայը» խոհագրությունն ու հոգևոր աղերսներով այս գործին կապված մյուս մեծերի՝ Թումանյանի, Սարոյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի և Նժդեհի գործերը, որոնցում խտանում է հայի ինքնության բնութագիրը:
Թանգարանային բացահայտումների շարքից են նաև գրողի մասին ոչ շատ հայտնի փաստերը. ամենահետաքրքիրներից մեկը դեռ խորհրդային շրջանում գրված «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» աշխատությունն է, որը թանգարանն այժմ լայնորեն հանրահռչակում է: