Հրաշքով փրկված մարդիկ, սահմանին կանգնած զինվոր, գոյության պայքարի նետված մի ամբողջ ազգ... Նոթատետրում այս գրառումները, պատերազմի օրերին նկարած կադրերը ռազմական լրագրողին Հայաստան են բերել երրորդ անգամ:
Չաք Հոլթոն, ռազմական լրագրող, ԱՄՆ - Տարեց կինը խաչակնքվում է, որ ողջ է մնացել, վիրավորն օգնում է վիրավորին: Որտեղ ռումբ էր պայթում, շտապում էի նկարահանել: Երբ հասնում էի, տեսնում էի, որ տուն են պայթեցրել, անմեղ մարդիկ են զոհվել:
Ամերիկացի լրագրողն Արցախյան պատերազմի մասին ամերիկահայ ընկերներից է իմացել: Հոկտեմբերի առաջին շաբաթում հասավ Ստեփանակերտ՝ մի ձեռքին ֆոտո, մյուսում՝ տեսախցիկ:
Ստեփանակերտի հիվանդանոցի, հետո նաև Մարտակերտի հոսպիտալի ռմբակոծման ականատեսն է: Իրադարձությունների էպիկենտրոնից Չաք Հոլթոնը կարողացել է ամերիկյան մի քանի պարբերականներին ուղիղ եթերում ներկայացնել Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքները:
Չաք Հոլթոն - Ես տեսա կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք: Ցավալի էր, բայց փաստ՝ նրանք թիրախավորել էին քաղաքացիական օբյեկտները: Ես ոչ թե Ադրբեջանում էի, այլ Արցախում, որովհետև ուզում էի արդարությունը ներկայացնել:
Ռազմական լրագրողը լուսաբանել է Իրաքի, Սիրիայի պատերազմները, տեսել Թուրքիայի վայրագությունները: Տեղահանված ընտանիքներ, որոնք գնում են չգիտեն ուր, իսկ Արցախյան պատերազմի օրերին նկատել է անհավանականը՝ մարդիկ չէին գնում՝ նույնիսկ իմանալով, որ հաջորդ վայրկյանը կարող է ճակատագրական լինել:
Չաք Հոլթոն - Հայաստանում ու Ղարաբաղում ես հանդիպել եմ սրտացավ և անկեղծ մարդկանց: Անընդհատ ուզում ես գալ: Ձեր բախտը միայն հարևանների հարցում չի բերել:
Տեսածն ու նկարածը Չաք Հոլթոնն աշխարհին կպատմի 3 մասանոց ֆիլմով: Այս անգամ եկել է կնոջ և հարևանի՝ 17-ամյա Մարկի հետ, որը ֆիլմի գխավոր հերոսն է: Նորից կմեկնեն Արցախ՝ հանդիպելու այն մարդկանց, որոնց տեսել է պատերազմի օրերին:
Չաք Հոլթոն - Պատերազմից հետո, երբ Միացյալ Նահանգներ վերադարձա, բոլոր սրտացավ մարդկանց պատմեցի տեսածս: Բոլորն ասացին՝ պատրաստ են գալ և օգնել մարդկանց: Հիմա ես եկել եմ 20 հոգանոց խմբով: Նրանք պատերազմի օրերին տարբեր նախաձեռնություններով էին հանդես գալիս: Հիմա էլ այստեղ են՝ տեղահանված ընտանիքներին օգնելու համար:
Հոլթոնի ֆիլմը մոտ չորս ամսից պատրաստ կլինի: Դեռ անանուն է, ասում է՝ դժվար է ցավը վերնագրել: Նպատակն է, որ ֆիլմը մեծ արձագանք ունենա, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վավերագրությունն ավելի հասանելի դառնա աշխարհին: