ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար:
Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Քրիս Սմիթն այս օգնությունը կենսական է համարել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերի համար:
Քրիս Սմիթը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ սիրիացի վարձկանների հավաքագրումն ու ֆինանսավորումը, որոնք Արցախի պատերազմում պայքարել են Ադրբեջանի կողմից:
Հանրապետական կոնգրեսականն իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին ռազմական ցանկացած օժանդակություն ցուցաբերելը:
«Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել 200 հայ ռազմագերիներին»,- գրել է Քրիս Սմիթը: