Օլիմպիական վարկանշային կարգավիճակ ունեցող ձյուդոյի Grand-Slam Kazan մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հույս պահպանող, 73 կգ քաշային 28-ամյա Ֆերդինանդ Կարապետյանը:
Վերջինս վստահ է սկսել ելույթներն ու 3 անընդմեջ մաքուր հաղթանակ տոնել, սակայն քառորդ եզրափակչում Կարապետյանի հաղթարշավն ընդհատել է ռուսաստանցի Մահմադբեկ Մահմաբեկովը: Սփոփիչ փուլում հայ ձյուդոյիստը մրցել է երիտասարդների 2020 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Վադիմ Շոկայի (Բելառուս) հետ ու նրան էլ զիջելով՝ ի վերջո զբաղեցրել 7-րդ տեղը:
Այսպիսով՝ նա ստացել է վարկանշային 260 միավոր ու հաջորդ շաբաթվա սկզբում դասակարգման ցուցակում 36-րդ տեղից կբարձրանա 32-րդ հորիզոնական: Կարապետյանի՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը հունիսի 6-13-ը Բուդապեշտում (Հունգարիա) կայանալիք մեծահասակների 2021 թ. աշխարհի առաջնությունն է: