Այդ խումբը կատարեց այն, ինչը ծրագրվում էր, և ինչի համար պայքարում էր նախորդ խումբը՝ խորհրդարանում այսօր իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական դատարանի որոշմանը:
««Մարտի 1»-ի գործով Սահմանադրական դատարանի անունից հանդես եկող այդ խմբակի առնվազն երեք անդամներին անցյալ տարի աշնանը ձեր ձեռքով ուղարկեցիք դատարան, «Մարտի 1»-ի գործով նրանք հանդես եկան մի որոշմամբ, որը որևէ պատճառաբանություն ու հիմնավորում չունի ու չի դիմանում որևէ քննադատության:
Այդ որոշումը դատարանի անդամները կայացրել են՝ առաջնորդվելով բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ: Ընդ որում՝ դատավորներից յուրաքանչյուրն առանձին ունեցել է քաղաքական իր շահը: Սահմանադրական դատարանի անդամները Սահմանադրությանը ծառայելու ու այն պաշտպանելու փոխարեն՝ իրենց լիազորությունները ծառայեցրին սահմանադրական կարգը և հանցավոր արարքները պատժելը տապալելուն»,- նշեց Բաբաջանյանը:
Ապացույցները կան, բայց հոդվածը չկա՝ նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ մարդը, որը սկսել էր ժողովրդի ջարդը, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ և քաղաքական հայտ է ներկայացրել:
Պատգամավորն անդրադարձավ նաև քրեական հետապնդումներին, որոնք շարունակվում են տարիներ.
«Մինչ այս պահը գեթ մեկ հայտնի կոռուպցիոների գործով չունենք գեթ մեկ ուժի մեջ մտած դատական ակտ: Ավելին՝ սրանցից մեծ մասին ուղղակի հաջողվեց թռնել Հայաստանից ու քննությունից: Նրանք թաքնվում են, և, ըստ ամենայնի, չեն էլ հայտնաբերվի:
Մինչ օրս քրեական հետապնդման են ենթարկվել ու ենթարկվում հետևյալ անձինք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան՝ մի դրվագով արդեն արդարացվել է, երրորդ նախագահ Սերժ Սարգսյան՝ գործով մեղադրյալներից երկուսը հասցրել են մահանալ, իսկ գործը տեղից չի շարժվում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, փոխվարչապետ Արմեն Գևորգյան, ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, որն արդարացվել է, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյան, մահացել է, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի գործը կարճվել է, ԳՇ պետ Յուրի Խաչատուրով՝ արդարացվել է, Միհրան Պողոսյան, Սուրիկ Խաչատրյան, Սաշիկ Սարգսյան, մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյան, Սամվել Մայրապետյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի գործը կարճվել է, Նեմեց Ռուբո և Ծառուկյան: Ցուցակն ամբողջական չէ, այլ հարց է, թե ինչու մինչ օրս կան մարդիկ, ովքեր շարունակում են անձեռնմխելի լինել: Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե պետությանը հասցված վնասից որքա՞ն գումար է մինչ օրս վերականգնվել»,- նշեց Բաբաջանյանը: