ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը խորհրդարանական ամբիոնից անդրադարձավ արցախյան հիմնահարցին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2011-ին քննարկված և 2016-ին բանակցված կազանյան փաստաթղթին:
Նա մեջբերումներ արեց փաստաթղթից և դիրքորոշում արտահայտեց դրանց վերաբերյալ: «Փաստաղթում նշվում է՝ «Ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի շրջանները: Հետագայում վերադառնում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի՝ ոչ միջանցքային հատվածները»:
«Ադրբեջանը չի համաձայնել ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ հայկական կողմը, ըստ Սերժ Սարգսյանի, համաձայնել է վերադարձնել»,- ասաց Ենգիբարյանը:
Պատգամավորը շարունակեց մեջբերումը. «Մինչև ԼՂ կարգավիճակի որոշումը ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ»:
«Մենք ԼՂ բնակիչ ասելով՝ հասկանում ենք հայեր, բայց քանի որ վերադառնալու էին ադրբեջանցիներ, նկատի ունենք նաև ադրբեջանցիների»,- ասաց Ենգիբարյանը:
Հաջորդ մեջբերումը. «ԼՂ իրավական վերջնական կարգավիճակի որոշումը՝ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»:
«Հելսինկյան եզրափակիչ ակտը վերաբերում է ժողովուրդներին, ժողովուրդներն են ստանում ինքնորոշման իրավունք, այստեղ բառախաղի միջոցով փորձել են լուծումներ տալ»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Կազանում բանակցված փաստաթղթում խոսվել է նաև ապաշրջափակման մասին. «Կողմերի միջև բաց տրանսպորտային կապերը խրախուսվում են, այդ թվում՝ Ադրբեջանի անարգել ցամաքային կապը Արցախի հետ: Այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»: Դա, ըստ Ենգիբարյանի, նշանակում է, որ կապ կհաստատվեր նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև:
«Եթե Ադրբեջանը համաձայներ և ստորագրեր փաստաթուղթը, Ադրբեջանին հանձնված կլիներ Արցախը՝ ամբողջությամբ: Այնտեղ տեղափոխվելու էին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ, վարձկան-ահաբեկիչներ այլ պետություններից, և այդ մարդիկ իրավունք էին ստանալու օգտվել իրենց իրավունքների պաշտպանությունից: Եվ հարց է ծագում. այնտեղ հայ կմնա՞ր, թե՞ ոչ, ես կարծում եմ՝ որ ոչ: Սա փափուկ ձևով Արցախը Ադրբեջանին հանձնելու եղանակ էր:
2016-ին ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանը զրկվեց միջանկյալ կարգավիճակի և կամարտահայտության անսահմանափակ հնարավորության պահանջից: Այդ երկու պահանջի վրա էլ խաչ դրվեց: 2018-ից բանակցությունները մտել էին փակուղի,՝ այս ամբիոնից ասել է Սերժ Սարգսյանը:
Եվ ի՞նչ է ստացվում՝ 2018-ից Հայաստանը ուներ երեք այլընտրանք. առաջին՝ հանձնել Արցախը ամբողջությամբ, երկրորդ՝ պատերազմ և երրորդ՝ պատրաստվել պատերազմի և պայքարի:
Ի՞նչ անել՝ հայկական կողմը և մեր հանրությունը պետք է ազատվեն վախերից և դադարեն Արցախի հարցում լինել զգայուն, քաղաքական ուժերը չպետք է մանիպուլացնեն Արցախի հարցը, այդ զգայունությունը խանգարում է վարել ավելի ռացիոնալ արտաքին քաղաքականություն:
Կոչ եմ անում քաղաքական ուժերին չդարձնել այս հարցը ներքին քաղաքական շահարկումների առարկա»,- ընդգծեց Ենգիբարյանը: