Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը։ Մարտի 26-ին ժողովը չէր կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունները դատավորներին մեղադրում են «նախկինների» շահերը սպասարկելու մեջ, ասել է, որ ո՛չ նախկիններին են սպասարկել, ո՛չ ներկաներին, ո՛չ էլ ապագաներին են սպասարկելու։ Իսկ խորհրդարանական ամբիոնից դատավորների, այսպես ասած, «թիրախավորումը» արդյոք վնասո՞ւմ է անկախությանը լրագրողների հարցին՝ Ռշտունին պատասխանել է՝ քննադատությունը կարելի է ընդունել, եթե առողջ է, բայց հաճախ դատավորները լսում են քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, ինչն անընդունելի է: Ռշտունին անդրադարձել է նաև ԲԴԽ լիազորությունները ընդլայնող օրինագծին:
Վազգեն Ռշտունի (Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ) - էդ օրենքը շատ բացասական գնահատականի է արժանացել, գիտեք ինչ կա: Կա վարույթ հարուցող երկու սուբյեկտ՝ արդարադատության նախարարը և մեր կարգապահական հանձնաժողովը, և չեմ հասկանում, թե երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը ո՛րն է։ Չեմ կարծում՝ ԲԴԽ նպատակն է ավելացնել ազդեցության լծակները դատավորների նկատմամբ, ԲԴԽ առաջնային առաքելություններից մեկը դատավորներին պաշտպանելն է, ոչ թե նրանց նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելը:
Հարություն Պետրոսյան (Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) - Տեխնիկական տեսակետից ես չեմ պատկերացնում, մանավանդ որ ԲԴԽ-ում նիստերը դռնբաց են, ու հայտնի է, որ դատարանները ծանրաբեռնված են, ու կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում, ու եթե բողոքարկման ինստիտուտը ավելի է լայնացվում տեխնիկական տեսակետից, ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես դա կարող է լինել: