2016-ին ստեղծված պրոբացիոն համակարգը Հայաստանում ևս արդյունքներ է գրանցում: Այս պահին ծառայությունը 3200 շահառու ունի: Ըստ տարբեր երկրների վիճակագրության՝ այլընտրանքային քրեական արդարադատությունը նպաստում է հանցագործությունների կտրուկ նվազեցմանը: Պատճառն, ըստ մասնագետների, այն է, որ անազատության մեջ նոր հանցանք կատարելու ռիսկն անհամեմատ բարձր է:
10-ը տարի անազատության մեջ՝ պատժի խցում. գրքերի, աշխատակիցների օգնությամբ կարողացավ ինքնակրթվել, դրական վարքագիծ դրսևորել: Հիմա Ռոմանը պրոբացիայի ծառայության շահառու է: Արդեն ինը ամիս կատարում է հանրային աշխատանք՝ օգնելով համատիրություններին: Խնամում է կանաչ տարածքները, բարեկարգում բակերը, անում է՝ ինչ ձեռքից գալիս է:
Ռոման Սարգսյան, պրոբացիայի ծառայության շահառու - Շատերը ջարդում են, էլի նորոգում եմ, սարքում եմ, ինչ կարողանում եմ՝ անում եմ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Պրոբացիայի ծառայությունը ներդրվել է 2016-ին: Մասնագետի դիտարկմամբ՝ վերջին երեք տարում գործունեության արդյունավետությունն էապես աճել է: Մի դեպքում պրոբացիայի ծառայությունն ինքն է նախաձեռնում վերասոցիալականացման ծրագրեր, մյուս դեպքում՝ շահառուին ներգրավում է տարբեր միջոցառումներում:
Արփինե Սարգսյան, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ - Օրինակ՝ զբաղվածության ծառայությունն աշխատաշուկայում ոչ մրցունակ անձանց համար կարող է իրականացնել իքս ծրագիր, դրանում կարող է ներգրավել նաև պրոբացիայի շահառուին:
Պրոբացիայի շահառու դառնալու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար անձը դիմում է քրեակատարողական հիմնարկ: Դրանից հետո կառույցն ու պրոբացիայի ծառայությունն ստացնում են ծանուցում՝ 80 օրում պետք է զեկույց կազմվի:
Արփինե Սարգսյան - Գնահատում են պատժի ընթացքում դատապարտյալի պատշաճ վարքագիծն ու նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:
Միջազգային փորձը վերլուծելով, օրինակ, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան, պրոբացիայի ծառայությունների համար սահմանել են պարտականություն՝ շահառուին պետք է ապահովել աշխատանքով: Հայաստանը նման պարտականություն չունի, բայց, օրինակ, 2020-ին շուրջ 50 շահառու կառույցի աջակցությամբ անցել է աշխատանքի:
Գևորգ Սիմոնյան, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տնօրեն - Շատ գործատուների մոտ հարց է առաջացնում նրա նախկին իրավախախտ լինելու հանգամանքը, այստեղ կարևորում եմ, որ մենք հանդես ենք գալիս որպես միջնորդ,գործատուի և շահառուի միջև:
Պրոբացիայի ծառայության տնօրենը փաստում է՝ զարգացած և զարգացող երկրներում այլընտրանքային քրեական արդարադատությունը նպաստում է հանցագործությունների կտրուկ նվազեցմանը: Վերլուծությունը ցույց է տալիս՝ անազատության մեջ գտնվողների կողմից նոր հանցանք կատարելու ռիսկը անհամեմատ բարձր է:
Գևորգ Սիմոնյան - 2020-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր բոլոր շահառուների մոտ, ում հետ աշխատել ենք, կրկնահանցագործությունը կազմել է շուրջ 2 տոկոս: Դա համեմատական առումով ցածր ցուցանիշ է:
Արփինե Սարգսյանը պրոբացիայի ինստիտուտի ներդրումը կարևոր ցուցիչ է համարում: Սա ուղի է, որով պետությունը պատժողական քաղաքականությունից անցնում է վերականգնողական արդարադատությանը: Հայաստանն ընտրել է հենց այս ճանապարհը: Մասնագետը կարևոր է համարում նաև գործատուի եզրակացությունը՝ շահառուի հետագան որոշելու համար: Ռոմանի դեպքում, օրինակ, համատիրության ղեկավարն ասում է՝ պարտաճանաչ է, ազնիվ:
Գեորգի Մելիքյան, Համատիրության նախագահ - Չենք էլ ասում, արդեն ինչ կա, ամեն ինչ տեսնում է, անում, աշխատող մարդ է:
Անկեղծության, դրական վարքագծի համար Ռոման Սարգսյանը համատիրությունում հիմա վարձատրվում է: Ունի ընտանիք, երկու երեխա, թոռ, իսկ պրոբացիայի ծառայությունն այս պահին 3200 շահառու ունի: