ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում ներկայացրեց իր և պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ եթե քաղաքացին տարբեր պատճառներով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, նա առաջին օրվա համար վարձատրություն չի ստանում, մնացած օրերի համար ստանում է 80 տոկոսով:
«Նախագծով մենք փոփոխություն ենք կատարել և առաջարկում ենք, որ առաջին օրվա համար քաղաքացին նույնպես ստանա աշխատավարձ՝ 80 տոկոսի չափով: Երկրորդ փոփոխությունն այն է, որ մայրության նպաստի համար էլ մենք որոշակի կանոնակարգում ենք մտցրել, որը պարզեցնում և հստակեցնում է օրենքը: Մասնավորապես, բոլոր այն դեպքերի համար, երբ քաղաքացին մինչև մայրության նպաստի գնալը 12 ամիս նույն աշխատավայրում չէր աշխատել, մենք այդտեղ էլի հստակեցում ենք կատարել, որը հօգուտ Հայաստանի քաղաքացիների է»,- նշեց Պապոյանը: