ԱԺ-ի մոտ 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ պատգամավորները պատվաստվելու են բոլոր՝ երեք տեսակի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով, «Աստրազենեկայով» և «ԿորոնաՎակով»:
Լրագրողների ներկայությամբ առաջինը պատվաստվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, հայտնում է «Լուրերի» թղթակիցը խորհրդարանից:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ ըստ հաստատված ընթացակարգի, 18-ից մինչև 54 տարեկան անձանց, ովքեր չունեն որևէ քրոնիկական հիվանդություն, ցուցված է պատվաստվել «Աստրազենեկայով»:
«Ովքեր ունեն քրոնիկական հիվանդություն, և տարիքը 55-ից բարձր է, կպատվաստվեն կա՛մ «Աստրազենեկայով», կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության»,- տեղեկացրեց Զեյնալյանը:
Պատվաստվողների թվում են եղել նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հովհաննես Իգիթյանը, այլք: