Նախադպրոցական մասնավոր հաստատությունները կլիցենզավորվեն. ԱԺ-ն քննարկեց Կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ըստ նրա՝ Հայաստանում առկա զարգացման կենտրոնների անվան տակ մոտավոր 300 կազմակերպություն իրականացնում է նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում՝ այլընտրանքային լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ:
«Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս՝ զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով՝ չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները, հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և մյուս բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխային նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովում նաև «Կրթության մասին» օրենքի պահանջները, ըստ որի, նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին ծանոթացումը: Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, որ, օրինակ՝ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմանններ և այլն»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարությունը չունի որևէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար, ընդգծեց նախարարի տեղակալի պաշտոնակատարը՝ հավելելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը՝ էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով և ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ կլինեն: