ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագծի քննարկմանն անդրադարձավ դրա նախապատմությանը:
Թունյանը հիշեցրեց, որ 2018-ին Իրանում ցեմենտի գինը մի քանի անգամ նվազեց, որը էժան էր նաև Հայաստանում արտադրված ցեմենտից: Տեղական արտադրողներին՝ «Արարատցեմենտ» և «Հրազդանցեմենտ» ընկերություններին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Նախատեսվում էր 2020-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում 6 ամսով երկարաձգել պետական տուրքը ներկրված ցեմենտի և կլինկերի համար, բայց բավարար ձայներ չհավաքվեցին: Ստացվեց, որ այս տարվա սկզբից ցեմենտ ու կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի:
«Տեղական արտադրողներին պաշտպանելու համար Կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլիների ներմուծումը: Հետո կլինկերինը բացեցին, ցեմենտ չի թույլատրվում ներմուծել մինչև հուլիսի 1-ը: Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում»,- նշեց պատգամավորը՝ ներկայացնելով ցուցանիշներ օրենքի ընդունումից հետո:
«Արարատցեմենտի» արտադրությունն աճել է՝ 443 հազար տոննայից հասնելով 534 հազար տոննայի, «Հրազդանցեմենտի» արտադրությունն աճել է՝ 30 հազար տոննայից՝ 90 հազար տոննա: Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դառնալով 152 հազար տոննա: Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է՝ 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա:
«Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ընկերությունների ցեմենտի արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվողը՝ նվազել են: Ընդհանուր շուկան աճել է: Եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք՝ շուրջ 800 հազար տոննայից դարձել է 866 հազար տոննա: Ամենահետաքրքիրն այն է, որ այն տեղի է ունեցել շինարարության անկման պարագայում»,- նշեց Թունյանը: