Մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Արդեն 8-րդ անգամ անցկացվելիք մրցույթը նախաձեռնել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ: Վերջինիս վերապահված է մրցույթի հանդիսավոր բացման արարողությունը. մայիսի 10-ին՝ ժամը 15:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կազդարարի պատանի կոմպոզիտորների հանրապետական ստուգատեսի մեկնարկը՝ երաժշտասեր հանդիսատեսին ներկայացնելով Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» և «Տանգո» ստեղծագործությունները: Համերգային օրվա ընթացքում հանդես կգան նաև Միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:
Մրցութային փուլը մայիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին՝ ժամը 16:30-ին, կկայանան նաև մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը: Նշենք նաև, որ մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին:
Բոլոր համերգների մուտքն ազատ է: