Հայաստանը էլեկտրաէներգիա խնայելու մեծ պոտենցիալ ունի՝ նշել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենն ու վստահեցրել՝ Հայաստանում օգտագործվող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մինչև 40 տոկոս էներգախնայողություն ունենալ:
Կարեն Ասատրյանը խոսել է նաև արևային նոր կայանների ստեղծման ծրագրերից, նշել, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք կարտադրեն էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մինչև 15 տոկոսը:
Նախատեսվում է զարգացնել նաև հողմային էներգետիկան, առաջիկա 20 տարում ունենալ մինչև 500 մեգավատտ հզորությամբ հողմակայաններ:
Կարեն Ասատրյան (ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն) - Այս երկու տիպի արտադրող կայանները հիմնված են լինելու պետություն - մասնավոր համագործակցության վրա, և այդտեղ գերակշռող դեր է ունենալու նաև առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այն պետք է լինի մրցունակ:
Նաև մեկ շատ կարևոր բան է նշված այդ ռազմավարական ծրագրում՝ դա Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացումն է: Դա նշանակում է, որ ունենալու ենք նոր մակարդակի էներգետիկ համակարգ, որում հնարավոր է լինելու էլեկտրաէներգիայի առուվաճառք, որը հանգեցնելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման: