Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում այսօր տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված ժամկետային զինծառայողներ Մհեր Հովակիմյանին և Խաչիկ Շախիջանյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:
Զոհված հերոսները Հրազդան քաղաքից էին: Մհեր Հովակիմյանը Հրազդանի թիվ 10 ավագ, իսկ Խաչիկ Շախիջանյանը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցների աշակերտներ էին:
Տղաները նաև Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնում էին ուսանում: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվել են Մհերի և Խաչիկի աշխատանքները. տղաների անուններով նաև հուշատախտակ է բացվել:
Հերոսների հիշատակի ոգեկոչման ցերեկույթին իրենց գեղեցիկ կատարումներով հանդես են եկել արվեստի դպրոցի տարբեր խմբակների սաները: Միջոցառման ավարտին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են՝ մեր հերոսներին ամեն վայրկյան հիշելու ու մեծարելու առումով:
«Ես այս դպրոցի հազարավոր սաներից մեկն եմ և ինձ համար մեծ պատիվ է այսօր մասնակցել դպրոցի նախկին սաների՝ մեր Մհերի և Խաչիկի հիշատակի ցերեկույթին, նրանց ոգեկոչման արարողությանը:
Ուզում եմ, որ այսուհետ, երբ փողոցում տեսնենք մեր զոհված տղաների ծնողներին, նրանց չընկալենք որպես սգագիր մարդիկ, այլ հիշենք ու ընկալենք, որ նրանք մեր ազգի առյուծ տղաների, մեր հերոսների ծնողներն են ու վերաբերվենք նրանց մեծ բարեպաշտությամբ, ուշադրությամբ, հոգատարությամբ: Օրվա քսանչորս ժամը պարտավոր ենք նրանց նկատմամբ հենց այդպիսի ընկալում ունենալ: Մենք ավելի ծանր պատմական ժամանակներ էլ ենք ապրել ու կարողացել հաղթահարել:
Վստահ եմ, որ այս ծանր պատերազմի հետևանքները ևս կարողանալու ենք հաղթահարել ու անցյալի սխալներից դասեր քաղելով՝ միասին կարողանալու ենք ավելի ուժեղ Հայաստան կառուցել: Ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք այսօրվա մեր հերոսների թափած արյան գինը, իմաստը, նպատակը և այդ սկզբունքներով պիտի կրթենք նաև վաղվա սերնդին, որովհետև վայրէջք կա, որ թռիչք արժե, ու մենք այդ փիլիսոփայությամբ պետք է շարունակենք մեր կյանքը:
Մեր միասնականությամբ, համախմբվածությամբ պետք է ստեղծենք այն Հայաստանը, որի համար ընկան մեր հազարավոր տղաները»,- իր խոսքում նշել է Կոտայքի մարզպետը:
Ցերեկույթի ընթացքում հերոսների ծնողներին ու ներկաներին իրենց խոսքն են ուղղել նաև Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, արվեստի դպրոցի տնօրեն Վահրամ Մելիքսեթյանը: