Սահմանադրական դատարանի՝ մարտի 1-ի գործով կայացրած որոշումն ամենամեծ ապացույցն էր, թե ինչպես է իշխանությունը դատախազության գլխավորությամբ տապալել իրավական քաղաքականությունը։ Իրավիճակն այսպես գնահատեց Արման Բաբաջանյանն ու նկատեց՝ 2008-ին կատարված հանցագործությունը փաստող 85 հատոր ապացույցներ կան, բայց քրօրենսգրքում էլ դրա հոդվածը չկա։ Պատգամավորը հիշեցրեց՝ այդ որոշումը կազմող նոր դատավորներին «Իմ քայլն» է Բարձր ատյան գործուղել։
Ապա մեկ առ մեկ Բաբաջանյանը թվարկեց նախկին իշխանությունից այն մարդկանց անունները, որոնք այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Պնդեց՝ կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության մասին հայտարարած իշխանությունը վերջին երեք տարում գեթ մեկ կոռուպցիոներ չի դատել, ոմանք էլ հասցրել են փախնել, խուսափել արդարադատությունից։
Դահլիճում այսօր էլ գլխավոր դատախազն էր նստած, բայց մինչև նրա՝ տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթը, «Իմ քայլի» անունից Վլադիմիր Վարդանյանն ամբիոնին մոտեցավ։ Պատգամավորը շեշտեց՝ 2018-ից հետո դատական համակարգն անկախ է, ասաց՝ ինքն էլ համաձայն չէ Սահմանադրական դատարանի որոշման հետ, բայց պարտավոր է ընդունել այն։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե թույլ չեն, չեն կարողանում աշխատել, հայտարարեց.
Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ միջամտել իրավապահ համակարգի գործունեությանը:
Գործող իշխանությունը չի պատրաստվում հետքայլ անել ու վերադառանալ հեռախոսային արդարադատությանը՝ շեշտեց Վարդանյանը։
Քաղաքական թեմաներին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չանդրադարձավ, նկատեց՝ Բաբաջանյանի թվարկած անունները, ընդամենը մի փոքր մասն է այն անձնաց, որ այսօր անցնում են կոռուպցիոն գործերով։
Անկախ հանրային ակնկալիքներից ու պահանջներից, սրանք իրավական գործընթացներ են՝ հիշեցրեց գլխավոր դատախազը, նկատեց՝ հնարավոր է նաև, որ արդյունքը չհամընկնի հանրային սպասումներին։ Առջևում ընտրական պրոցես է, ու Դավթյանը դիմեց քաղաքական ուժերին, կոչ արեց զերծ մնալ ատելության խոսքից, դրսևորել օրինական վարքագիծ։
Տնտեսական թեմաներից․ Կառավարությունն առաջարկում է 1 տ ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ պետտուրք, իսկ կլինկերի համար` 9 հազար։ Գործադիրի այս առաջարկին խորհրդարանում դեմ են, բացասական եզրակցություն են տվել։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ գործող շեմերը բարձրացնելու իմաստ չկա, նա թվերը մեջբերեց՝ պնդեց՝ գործող 14 հազար դրամ պետտուրքի պարագայում էլ տեղական արտադրողը պաշտպանված է։
Ըստ Թունյանի՝ գործադիրն ու օրեսնդիրն արդեն պայմանավորվել են. ցեմենտի ներմուծման՝ 14 հազար դրամ պետտուրքը կպահպանեն, իսկ 1 տ կլինկերի համար` 2 հազար դրամ կսահմանվի։
Որոշումը թեև Էկոնոմիկայի նախարարի սրտով չէ, Վահան Քերոբյանը չի առարկում, նա մտահոգված է նախ ցեմենտի որակով։ Ասում է՝ հեռու պետք չէ գնալ՝ վառ ապացույցը Հյուսիս-հարավի շինարարությունն է։
Որակի վերահսկման լաբորատոր կարողությունները պետք է հզորացվեն, այս ուղղությամբ մինչև տարեվերջ ձեռքբերումներ կունենանք՝ նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ շվեդական, ֆրանսիական ընկերությունների հետ էլ բանակցում են, որ ներդրումների համար գրավիչ պայմաններ առաջարկեն։
Ի նպաստ աշխատողի, մի առաջարկ էլ «Իմ քայլի» պատգամավորներն էին բերել՝ խոսքն անաշխատունակության ընթացքում վարձատրող օրերի մասին է։ Հիմա, երբ բժշկից թուղթ են ներկայացնում, գործատուն վճարում է միայն երկրորդ օրվանից սկսած։
Կրթության նախարարությունն էլ առաջարկում է լիցենզավորել զարգացման կենտրոնների անվան տակ ստեղծված մասնավոր կազմակերպությունների աշխատանքը։ Շուրջ 300 նման հաստատություններ հիմա դուրս են վերահսկողությունից, ու փոխնախարար Անդրեասյանի խոսքով՝ իրենք լծակներ չունեն պարզելու, թե ինչ են դասավանդում, ինչ ծրագրով են կրթում ու մեծացնում դպրոց գնալ պատրաստվող երեխային։
Ազգային անվտանգության ծառայությունից էլ առաջարկում են արգելել սահմանային շերտում տեսալուսանկարահանումը, ԱԹՍ-ների օգտագործումը։ Օրենսդրական մեկ այլ նախագծով էլ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կփոխարինվի նոր փոխքաղաքապետի հաստիքով։ Օրեսնդիրն այսօր քննարկեց, ապա փակ գաղտնի քվերակությամբ 95 կողմ ձայնով հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց Գեղամ Հովեյանին։