Մենք հանձնառու ենք, որ բացահայտվեն յուրաքանչյուր զինվորականի, քաղաքացիական անձի սպանության հանգամանքները, բացահայտվեն Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները: Այդ մասին խորհրդարանում Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ այդ ապացույցների ձեռքբերումն ամենօրյա գործընթաց է, և այդ հարցում Դատախազությանն օգնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական հայտարարությունները:
«Դրանք մեզ համար ապացուցողական նշանակություն են ունենալու կոնկրետ անձանց քրեական պատասխանատվության խնդիրը բարձրացնելու համար»,- ընդգծեց Դավթյանը:
Պատերազմին առնչվող հանցագործությունների հաջորդ ուղղությունը մեր ներքին պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցված բազմաթիվ քրեական գործերն են:
«Դատախազությունը հետևողական է, որպեսզի պատերազմին առնչվող հնարավոր բոլոր հանցավոր դրսևորումները՝ սկսած մինչև պատերազմը դրան մեր պատրաստ լինելուն առնչվող բոլոր նրբություններից մինչև պատերազմի ընթացքում պատերազմ վարելու, կազմակերպելու հետ կապված բոլոր ուղղությունները, ինչպես նաև հետպատերազմական վիճակը, միանշանակ, քրեական գործերով այս հարցերը պետք է պարզվեն»,- նշեց Դավթյանը:
Հակադարձելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված անձանց մասով՝ գլխավոր դատախազը հարց ուղղեց պատգամավորին՝ երբևէ որևէ ժամանակ կամ որևէ երկրում տեսե՞լ է այսպիսի արդյունքներ:
«Երբևէ տեսել եք այսպիսի պատկառելի ցանկ քրեական հետապնդման ենթարկված անձանց: Բա ո՞նց ենք պատկերացնում, դա հենց այնպես՝ օդի՞ց եղավ: Բա չենք ուզում հասկանանք, որ այդ ամեն ինչն ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է: Պետք է պատկերացնել, որ գործընթացներն իրավական են: Անկախ հանրային ակնկալիքներից, պահանջներից կամ քաղաքական գործընթացներից, իշխանության առաջնահերթություններից, երբ խոսքը քրեական հետապնդումների մասին է, պետք է բոլորի համար պարզ լինի՝ գործընթացները պետք է ընթանան բացառապես իրավական պրոցեսներում:
Այո՛, կարող են այդ պրոցեսները բերել ձևավորված ակնկալիքների ոչ ցանկալի արդյունքի, բայց իրավական պրոցեսների առանձնահատկությունն ու տրամաբանությունը հենց դրա մեջ են: Սա շատ կարևոր ձեռքբերում է, որը պետք է ուղղակիորեն արձանագրենք՝ իրավական գործընթացներն անձեռնմխելի պետք է լինեն»,- նշեց Դավթյանը: