Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում Դատախազության 2020 թվականի գործունեության հաղորդման քննարկմանը իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին կատարած աշխատանքի համար:
«Մեզ հաջողվել է գալ մի հանգրվանի, որ մեր երկիրը՝ ներքին կայունությամբ, խաղաղ մթնոլորտում, գնում է համապետական ընտրությունների: Ուզում եմ իմ կոչը, խնդրանքն ու հորդորը հղել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Մեր վիրավոր հայրենիքը թևակոխում է շատ ճակատագրական ու շատ կարևոր համապետական միջոցառման: Ընտրությունների նախորդ փորձը մեզ ցույց է տվել դրա բացասական ընթացքները, դրսևորումները և հետագա տասնապատիկ ավելի բացասական հետևանքները:
Հետևաբար ես կոչ եմ անում առանց բացառությամբ բոլորին՝ դրսևորել իրավահպատակ վարքագիծ. անկեղծ, առանց խաբելու, առանց կեղծելու, առանց ատելության խոսքի ու վիրավորանքի ներկայանալ մեր հանրությանը: Եվ յուրաքանչյուրն իր չափով պատասխանատու լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հանգիստ պայմաններում, ազատ կամարտահայտությամբ կարողանա իր ընտրությունն իրականացնել:
Միևնույն ժամանակ որպես գլխավոր դատախազ՝ ստիպված եմ լինելու իմ նախազգուշական խոսքը ասել, որ եթե որևէ մեկի մտքով անցնի, որ այս պատասխանատու գործընթացում կարող է օրենքը շրջանցել, ես այս պահին շատ բարեկամաբար զգուշացնում եմ, որ հետևանքները լինելու են շատ ցավոտ, որովհետև արձագանքը դրան լինելու է շատ-շատ կոշտ»,- նշեց Դավթյանը: