Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը գլխավոր դատախազության ամենօրյա գործունեության լրջագույն մասն է՝ հայտարարեց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ գործընթացում ներգրավված է նաև Ռուսաստանի պաշտոնակիցը:
Արթուր Դավթյան, ՀՀ գլխավոր դատախազ - Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հաջողվում է ճշգրտել ցուցակները և, հատկապես, գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցել՝ դնելով հստակ պահանջ, որ դրան պետք է հաջորդի իրավական գործընթաց, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը:
Քանի՞ ադրբեջանցու նկատմամբ է Հայաստանը հետախուզում հայտարարել, գլխավոր դատախազը նշեց, որ կան բազում հետապնդումներ, այս պահին դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ: Խնդիրն իրավական հարթությունում է:
Արթուր Դավթյան - Մենք միշտ հակաքայլեր ենք ձեռնարկել, ու այդ հակաքայլերը բոլորն արդյունք են տվել, և նրանք որևէ արդյունավետ հետախուզում, այսպես կոչված, մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում դավաճանության կամ լրտեսության դեպքերով քննվող գործերին, գլխավոր դատախազը նշեց՝ գործերից մեկով նախկին զինծառայող է անցնում: Մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան:
Արթուր Դավթյան - Շուրջ 1650 քրեական գործեր են քննվում: Յուրաքանչյուր գործի քննության արդյունքներով, երբ ունենանք իրավական գնահատականներ, մենք այդ հանձնառությունը վերցրել ենք, կանդրադառնանք պատերազմի ելքի վրա դրանց ազդեցությանը:
Գլխավոր դատախազի խոսքով՝ Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնությանը համաձայն չեն եղել, վիճարկում են վերադաս ատյանում: Դավթյանը բացառեց Սյունիքի դեպքերով քաղաքական որոշումը:
Արթուր Դավթյան - Քաղաքական որոշման մասին խոսք չի կարող լինել: Ինչո՞ւ եմ սա հստակորեն ասում. կատարված դեպքերը եղել են հրապարակային, այսինքն՝ կատարված դեպքը յուրաքանչյուր քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ՝ ոչ միայն իրավական առումով:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նախկինների հետ դաշինքով ընտրությանը մասնակցելու մասին հարցին: Նոր գործակցությունը բացառեց՝ ընդգծելով, որ աշխատանքի ընթացքում եղել է միայն մասնագիտական գործունեության դաշտում:
Արթուր Դավթյան - Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսևորումների ֆրոնտները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով որ իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ գործ չունեմ: Բարի ճանապարհ եմ մաղթում պարոն Վանեցյանին:
Գլխավոր դատախազն արդյունավետ համարեց վերջին տարիների կոռուպցիոն հանցագործություններով բացահայտումները: Միայն անցած տարի վերադարձվել է 14 միլիարդ դրամը գերազանցող գումար: