Մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության ոլորտում սպասվում է շուրջ 600 միլիոն դոլարի ներդրում: Նախատեսվում է կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ: Ըստ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի՝ դրանք կարտադրեն էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակի մինչև 15 տոկոսը: Կարեն Ասատրյանի խոսքով՝ զարգացնելու են նաև հողմային էներգետիկան և առաջիկա 20 տարում ծրագրում են ունենալ մինչև 500 մեգավատտ հզորությամբ հողմային կայաններ:
Կարեն Ասատրյան (ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն) - Այս երկու տիպի արտադրող կայանները հիմնված են լինելու պետություն - մասնավոր համագործակցության վրա, և այդտեղ գերակշռող դեր է ունենալու նաև առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այն պետք է լինի մրցունակ: Մենք ունենալու ենք նոր տիպի, նոր ոլորտի, նոր մակարդակի էներգետիկ համակարգ, որում հնարավոր է լինելու էլեկտրաէներգիայի առքուվաճառք, որը բերելու է էլեկտրաէներգիայի գնի նվազեցմանը:
Ասատրյանի խոսքով՝ Երևանի բազմաբնակարան շենքերում 1 քմ-ի հաշվարկով 2-3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսվում, քան զարգացած երկրներում: Այդուհանդերձ, մասնագետը նաև արձանագրում է՝ մեր երկիրը էլեկտրաէներգիա խնայելու մեծ պոտենցիալ ունի: Մասնագիտական գնահատմամբ՝ մինչև 40 տոկոս էներգախնայողության հնարավորություն կա:
Կարեն Ասատրյան - Արդեն կան իրականացված պիլոտային ծրագրեր, որոնք ցույց են տվել, որ բազմաբնակարան շենքում կարելի է հասնել 60 տոկոս խնայողության, և, ինչպես գիտեք, բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է 30-60 տարի առաջ, և այդ ժամանակ չկար ջերմամեկուսացում:
2019-ին հայտարարվեց տարածաշրջանում ամենամեծ՝ 55 մեգավատտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայան կառուցելու մասին: Սա էներգետիկ հեղափոխություն է լինելու, որով հոսանքի սակագինն էականորեն նվազելու է: Ասատրյանը հույս ունի՝ հոսանքի արտադրության ինքնարժեքը նվազեցնել ռեկորդային՝ 15-17 դրամի: Դա 20 տոկոսով ավելի էժան է մեր ՀԷԿ-երի արտադրած հոսանքի գնից: Ներդրումային ծրագիրն իրագործվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում:
Կարեն Ասատրյան - Մասրիկ-1-ը մեր կողմից ավարտվել և շինարարության փուլում է: 2024 թվականին նախատեսված են մեկնարկն ու շահագործումը: Այս մրցույթը թույլ տվեց հասկանալ, որ Հայաստանում գոյություն ունեն պոտենցիալ և բավականին մրցունակ շուկա, և դա զարգացրեց Հայաստանի արևային ոլորտը:
Ռուսական, արաբական, իսպանական ու չինական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում զարգացնելու ոլորտը: Այդ ընկերությունները մասնակցում են Արագածոտնի և Կոտայքի մարզերում կառուցվող 200 մեգավատտ հզորությամբ արևային կայանների մրցույթներին:
Կարեն Ասատրյանի խոսքով՝ մոտ ապագայում կհայտարարվի, թե որ ընկերություններն են հաղթել Այգ-1 և Այգ -2 մրցույթներում: