Արամ Խաչատրյանի դիմակը, որ մեծանուն քանդակագործ, գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի խաչատրյանական շարքի ստեղծագործություններից է, վերջապես իր պատվավոր տեղը գտավ կոմպոզիտորի երևանյան թանգարանում: Խաչատրյանի և Նիկողոսյանի բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի:
Գայանե Նիկողոսյան (Նիկողայոս Նիկողոսյանի դուստրը, Nico պատկերասրահի տնօրեն, ՌԴ) - Հայրս սերտ կապեր ուներ Խաչատրյանի հետ, որոնք սկսվել էին դեռ հետպատերազմական շրջանում, երբ հայրս, Խաչատրյանը և Ասլամազյան քույրերը արվեստանոց-ստուդիաներ ունեին Հայաստանի մշակույթի տանը, որտեղ հիմա մեր դեսպանատունն է:
Նիկողոսյանին միշտ են ոգեշնչել Խաչատրյանի կերպարն ու հզոր երաժշտությունը՝ փաստում է Գայանե Նիկողոսյանը: Վերընթերցում է քանդակագործի հայտնի հուշերից մեկը, որում նա հիշում է մոսկովյան կոնսերվատորիայի մեծ դահլիճում Խաչատրյանի անմոռաց հեղինակային համերգն ու նրա լուսավոր կերպարը: Ստեղծագործության տարբեր տարիներին նա կոմպոզիտորի խիստ բազմազան կերպարներ է ստեղծել:
Գայանե Նիկողոսյան - Հայրս շատ է աշխատել Խաչատրյանի կերպարի վրա, այստեղ թանգարանում է նրա 1954 թ. ստեղծած մարմարե կիսանդրին, Տրետյակովյան պատկերասրահում է բրոնզե դիմաքանդակը, արվեստանոցում պահպանվել են նաև հուշարձանի համար բազմազան լուծումներով գիպսե մոդելները, Խաչատրյանը նրա համար մշտական թեմա էր:
Թանգարանը վաղուց էր ցանկանում ձեռք բերել արժեքավոր ցուցանմուշը: Եվ վերջապես նախորդ տարի «Խաչատրյան» եռյակի մոսկովյան համերգաշարի ընթացքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քանդակագործի դուստրերը՝ Գայանե և Մարիամ Նիկողոսյանները, և թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը դիմակը Երևան տեղափոխելու մասին համաձայնության եկան:
Թանգարանի նոր ձեռքբերումն արժևորվում է ոչ միայն որպես Խաչատրյանին առնչվող ցուցանմուշ, այլև որպես մեծ քանդակագործի բարձրարժեք ստեղծագործություն: