Կառավարությունն առաջարկում է ևս մեկով ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը՝ չորսից դարձնելով հինգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանում ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու կից փաթեթը:
«Առաջարկում ենք Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը մեկով ավելացնել՝ չորսը դարձնել հինգ, և հանել կամ օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Երևան քաղաքն ունի բաղմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, նաև հանրային հարթակում կան մասնագիտական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր և հեղինակային դերակատարմամբ համատեղ աշխատանքի միջոցով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման և դրա հետ թղթակցվող խնդիրների կարգավորումը:
Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն՝ ըստ համայնքային և հանրային ծառայության մասին օրենքի կարգավորումների»,- նշեց Տերտերյանը: