ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանն իր ելույթում ընդգծեց, որ հաղորդման մեջ հստակ արտացոլված է, որ Հայաստանը դասվում է համաշխարհային մակարդակով ամենացածր հանցավորություն ունեցող երկրների թվին:
«Պետք է ձգտենք դառնալ առավել քիչ հանցավորություն ունեցող երկիր, և համոզված եմ՝ ունենք նախադրյալներ: Պետք է շարունակենք այս ուղղությամբ գնալ առաջ: Հայաստանը հանցավորության տեսանկյունից անվտանգ է կամ առավել քիչ վտանգավոր է, քան ցանկացած որևիցե այլ երկիր, որովհետև ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք առաջին տասնյակի մեջ ենք նվազ հանցավորություն ունեցող երկրների շարքում: 2018-ին՝ հեղափոխության տարում, արձանագրվել է աննախադեպ ցածր թվով սպանության դեպքեր՝ ընդամենը 35»,- ասաց պատգամավորը:
Վարդանյանը կարծում է՝ այս իշխանության հաջողություններից մեկն այն է, որ ունենք անկախ դատական իշխանություն:
«Պարոն Բաբաջանյան, ես համաձայն չեմ Սահմանադրական դատարանի որոշման հետ, բայց պարտավոր եմ այն կատարել: Այլ խնդիր է, որ Սահմանադրական դատարանը այդ որոշման մեջ չի նշել, թե ինչպես է այն հնարավոր կատարել: Մենք խոսում ենք դատական իշխանության մասին: Մեզ մեղադրում են, որ մենք թույլ ենք, չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում դատախազության հետ կապված հարցերը կարգավորել: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում որևիցե եղանակով միջամտել դատական իշխանության, իրավապահ մարմինների գործունեությանը: Սա է այս իշխանության ուժը: Կանցնեն տարիներ, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում՝ հատկապես դատաիրավական ոլորտում, կգնահատվեն որպես Հայաստանում անկախ դատական իշխանության ձևավորման տարիներ»,- ասաց Վարդանյանը: