Ե՛վ սպորտի ու առողջ ապրելակերպի քարոզ, և՛ դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճները վերանորոգել-կահավորելու հնարավորություն: Մանկական լիգայի հաղթող Վանաձորի 25-րդ հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն անճանաչելիորեն փոխվել է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ընկերական առաջին հանդիպումն է «Մանկական լիգա» հեռուստանախագծի հաղթող Վանաձորի 25-րդ հիմնական դպրոցի թիմի և Ստեփանավանի «Ստեպզ» երիտասարադական ակումբի միջև: Երեխաների ոգևորությունը մեծ է, հաղթելու ցանկությունը՝ նույնպես, հատկապես որ խաղին հետևելու էին եկել «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Լիլիթ Գրիգորյան, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն - Սա համատեղ նախաձեռնություն է, իրականում, Հանրային հեռուստաընկերության հետ: Երբ իրենք սկսեցին «Մանկական լիգա» հաղորդաշարը, մենք համաձայնվեցինք առաջին և երկրորդ տեղի հաղթողների համար կատարել մարզադահլիճի, սանհանգույցների վերանորոգում:
Հանրային հեռուստաընկերության, «Իմ քայլը» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համատեղ իրականացրած մանկական սպորտային հեռուստանախագիծն այսօր Վանաձորի 25-րդ դպրոցին մարզագույք, հիմնովին վերանորոգված սպորտդահլիճ, ուսուցչի սենյակ, սանհանգույց ու հանդերձարաններ ունենալու հնարավորություն է տվել: Ուսուցիչները դահլիճի նախկին տեսքն անգամ հիշել չեն ուզում: Հիմա, ասում են, ժամանակակից ստանդարտներին համապատասխան դահլիճ ունեն:
Վարդան Խառատյան, Վանաձորի 25-րդ հիմնական դպրոցի ոսումնական գծով փոխտնօրեն - Եթե նախկինում այցելեիք, կտեսնեիք, որ ձյան, անձրևի կաթոցների տեղերն ամբողջությամբ երևում էին, բացի այդ, պատուհաններից միջանցիկ քամի էր խաղում: Այսօր մենք ունենք բավականին բարեկարգ ֆիզկուլտուրայի դահլիճ:
Անահիտ Ղազումյան, Վանաձորի 25-րդ հիմնական դպրոցի տնօրեն - Այսօր մենք շատ ոգևորված ենք՝ և՛ դպրոցի կոլեկտիվը, և՛ աշակերտները, բոլորը շատ ոգևորված են, որ ունենք այսպիսի գեղեցիկ, կահավորված և վերանորոգված մարզադահլիճ:
Հիմնադրամը հատկացրել է շուրջ 42 մլն դրամ. ամբողջությամբ փոխվել են սպորտդահլիճի հատակը, տանիքն ու պատուհանները: Լուսավոր ու տրամադրող դահլիճում երեխաները սիրով են ֆիզկուլտուրայի դասերին մասնակցում:
Լիլիթ Գրիգորյան - Հույս ունենք, որ հնարավորություն կտա երեխաներին ավելի ակտիվ, ավելի լավ պայմաններում անցկացնել ֆիզկուլտուրայի դասերը և ոչ միայն: Այսինքն՝ մենք նպատակ ունենք այս ծրագիրը նաև կրթական կոմպոնենտով ավելացնել, որը կբերի նրան, որ ընդհանուր դպրոցը, նաև համայնքը, կսկսի ավելի առողջ ապրելակերպով ապրել:
Դեռահասների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակն իրականություն է դարձել. վերանորոգված և կահավորված սպորտդահլիճը Վանաձորի դպրոցի աշակերտների ձեռքբերումն է: