Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը բավական ուժեղացել է, և հենց այդ միջազգային ճնշման, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ ջանքերի արդյունքում Բաքուն ինչ-որ առումով տեղի տվեց իր նախկին հայտարարություններին, և դրանից հետո մեր երեք հայրենակիցները վերադարձան հայրենիք: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Բնական է, որ մենք շատ ավելի մեծ թվով հայրենակիցների վերադարձ ենք ակնկալում և պահանջում Բաքվից: Դա Բաքվի պարտավորությունն է թե՛ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի եռակողմ հայտարարությամբ, թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կանոններին համապատասխան»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածին հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ հայտարարությունը՝ անհապաղ վերադարձնել գերիներին և չդանդաղեցնել գործընթացը:
Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը ևս երեկ շեշտել է, որ այդ գործընթացը պետք է ավարտին հասցվի, և ռուսական կողմը ջանքեր գործադրելու է այդ ուղղությամբ:
«Տեղյակ եք նաև, որ Ֆրանսիայում նախաձեռնվում է համապատասխան բանաձև, որով կոչ կարվի Բաքվին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ակնհայտ է նաև միջազգային բավական ուժեղ և կազմակերպված ճնշում Բաքվի նկատմամբ: Մեր հայրենակիցներին մեկ օր ավել Բաքվում պահելը պետք է իրապես գլխացավանք դառնա Ալիևի համար, և նա պետք է մի կողմ թողնի իր բոլոր չակերտավոր «նախապայմանները» կամ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել մեր հայրենակիցներին պատանդ պահելով, և իրականացնի այն պարտավորությունները, որ ստանձնել է»,- հավելեց Հայրապետյանը: