Մեկ օրում Ազգային ժողովի հիսունից ավելի պատգամավորներ ու աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:
Սերգեյ Բագրատյան, ՀՀ ԱԺ պատգամավոր - Միակ հնարավորությունը պատվաստվելու միջոցով կանխելն է այս համավարակը: Մենք բոլորս երազում ենք օր առաջ բնականոն կյանքի անցնել: Շատ լավ ներարկել են, չեմ զգացել նույնիսկ, ինչպես են ներարակել:
Աշխատանքի վայրում գտնվող քաղաքացիների համար, որոնք հնարավորություն չունեն այցելելու պոլիկլինիկաներ, Առողջապահության նախարարությունը գերատեսչություններում ու կազմակերպություններում իրականացնում է պատվաստման գործընթացը:
Գայանե Սահակյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - ԱԺ-ում, Կառավարությունում կազմակերպում ենք արտագնա պատվաստումներ, ժամանակավոր պատվաստման կետ ենք ստեղծում և ցանկացողներին, թե կոնկրետ որ պատվաստանյութին են ենթակա, այդպես էլ կազմակերպում ենք:
Նարեկ Զեյնալյան, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ըստ հաստատված կարգի, 18-54 տարեկան անձանց, ովքեր չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, իրենց ցուցված է պատվաստվել «Աստրազենեկայով»: Ովքեր ունեն խրոնիկ հիվանդություն ու 55 տարեկանից բարձր են, կարող են պատվաստվել «Աստրազենեկայով», կամ «Սպուտնիկ-Վ»-ով՝ իրենց ցանկությամբ:
Հովիկ Աղազարյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ո՞ր պատվաստանյութն էր իմը, «Աստրազենեկա»:
Պատգամավոր Աղազարյանն առաջիններից մեկը պատվաստվեց, նաև պատվաստման կոչ արեց: Ասաց՝ պետք է անցնել այս փորձությունը՝ առողջությունն ապահովելու համար:
Հովիկ Աղազարյան - Բոլորս պետք է մեծ վստահությամբ լծվենք, ոչ մի վտանգ չկա: Փոքր ժամանակ, երբ պատվատումների կարիք էր լինում, մեծ արարողություն էր, ով ուժեղ տղա էր, ինքն էր գնում: Ես միշտ եմ հերոս:
Խորհրդարանում պատվաստումներն ընթացան Առողջապահության նախարարի հրամանի համաձայն: