Մեր ամենօրյա գործունեության լրջագույն մասն է համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները, իմ ռուս գործընկերը ներգրավված է գործընթացի մեջ, և, այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հաջողվում է ճշգրտել ցուցակները և հատկապես գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցել՝ դնելով հստակ պահանջ, որ դրան պետք է հաջորդի իրավական գործընթաց, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ պատերազմին առնչվող քրգործերով առկա են բազում հետապնդումներ, սակայն, ըստ նրա, դրանց մասին հրապարակային խոսելն արդարացված չէ: «Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և, մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գտնում ենք, որ դա չի օգնի, այլ կվնասի գործընթացին»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ իրենց հակաքայլերը արդյունք են տվել Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների հետախուզման առումով:
Դատախազը հայտնեց, որ պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան՝ այլ մանրամասներ չհայտնելով:
«Վաղ է, որ ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել, քննվում է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 1650 քրեական գործ, յուրաքանչյուր քրգործի արդյունքներով երբ կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»,- ասաց Արթուր Դավթյանը: