Լոռու մարզի Լոռիբերդ համայնքի տարածքում երկու նորաբաց ընկերություններ մետաղներ կորոնեն։ Նրանք արդեն իսկ դիմել են համայնքապետարան և հանրային լսումների կազմակերպման փուլում են։
Ուռուտի բազմամետաղների հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների համար երկու ընկերություն է հայտ ներկայացրել՝ «Նեյչրլ ռիսորսիզ» ՍՊԸ-ն և «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ը։
Լոռիբերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ նախկինում «Էքուիվեստ ալիանս ֆաունդեյշն»-ն ունեցել է ընդերքօգտագործման իրավունք, սակայն այն դադարեցվել է, և երկու տարբեր ընկերություն դիմել են՝ «լիցենզիա ստանալու ու հանրային լսումների համար». «Ուռուտի հանքավայրն է, ընդգրկում է Ուռուտ, Սվերդլով, Մեդովկա, Սարչապետ գյուղերի տարածքները, չորս բնակավայրերի մեջ տարածք է, սարերում։ Նախկին լիցենզիա ունեցողի անունը չկա, նոր ընկերություններ են։ Այս տարի դադարեցվեց ընդերքօգտագործման իրավունքը, ու իրենք բերել են փաստաթղթեր, որ իրավունքը դադարել է, ու մենք հայտ ենք ներկայացնում հանրային լսում կազմակերպելու»,- ասում է Ներսիսյանը՝ հավելելով, որ հանքավայրի տարածքը նախկինում չի շահագործվել։ Համայնքապետի խոսքով՝ հանքավայրի տարածքը բնակավայրերից հեռու է՝ սարերում, ու բնակիչների համար նույնիսկ տեսանելի չէ։ Նրա գնահատմամբ՝ հանքավայրի մակերեսը մոտ 20 հեկտար է։
Այս հանքավայրի տարածքում նախկինում երկրաբանահետախուզական աշխատանք կատարելու թույլտվություն ստացած «Էքուիվեստ ալիանս ֆաունդեյշն» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը Երևանի բնակիչ Արմեն Ղամբարյանն է, իսկ մյուս 50 տոկոսինը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ասսադ Ամին Շեյխը։ Վերջինս հայկական մամուլում հայտնի է որպես էներգետիկայի ոլորտի ներդրող։
2015-ի նոյեմբերին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ասսադ Ամին Շեյխին, ու վերջինս Հայաստանում իր հիմնած «Գրեյնջ հոլդինգի» միջոցով պատրաստակամություն էր հայտնել ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդնել 400 մլն դոլար։ «Վարչապետ Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգի» ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում։ Ներկայում, սակայն, այս ընկերության կողմից ներդրումների ու էլեկտրաէներգիայի արտադրության մասին տեղեկություններ առկա չեն։
Ուռուտի հանքավայրում առկա մետաղներով ներկայում հետաքրքրված ընկերություններից մեկը «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ն է։ Այն հիմնվել է այս տարվա փետրվարի 8-ին։ Ընկերության միակ բաժնետերը Երևանի բնակիչ Աշոտ Քալանթարյանն է։ «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ի հիմնումից երկու օր անց Քալանթարյանը գրանցել է մեկ այլ ընկերություն՝ «Օրո հոլդինգ լիմիթիդ»-ը։ Քալանթարյանը Ջրային կոմիտեի «Ջրային ծրագրերի իրականացման գրասենյակի» նախկին ղեկավար Տիգրան Քալանթարյանի որդին է։ Տիգրան Քալանթարյանն այդ պաշտոնից ազատվել է 2019-ին։
Երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթաց սկսած մյուս ընկերությունը «Նեյչրլ ռիսորսիզ» ՍՊԸ-ն է, որը հիմնվել է դարձյալ այս տարի՝ փետրվարի 10-ին։ «Նեյչրլ ռիսորսիզ»-ն ունի երեք բաժնետեր. նրանցից Արա Արսենյանը ունի 40 տոկոս բաժնեմաս, ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Տարոն Նավասարդյանը և 20 տոկոս՝ Տիգրան Արշակյանը։ Վերջինս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Վահագն Արշակյանի եղբայրն է։ Վահագն Արշակյանը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդականն է եղել 2020-ի հունվարից մինչև 2020-ի սեպտեմբերը։ Մյուս բաժնետերը, որ ունի 20 տոկոս, Տարոն Նավասարդյանն է՝ «Լիդիան Արմենիա»-ի երկրաբնապահպաններից մեկը։ Տարոն Նավասարդյանն ու Տիգրան Արշակյանը միայն այս ընկերությունում չէ, որ բիզնես գործընկերներ են. նրանք այս տարվա սկզբին հիմնել են նաև «Վայք ռեսուրսիս» ՍՊԸ-ն։ Այստեղ նրանց միացել է մեկ այլ գործընկեր՝ Կառլեն Մինասյանը, ում էլ պատկանում է ընկերության բաժնեմասերի 70 տոկոսը։ Կառլեն Մինասյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Մենք» դաշինքից և առաջադրվել էր Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող ընտրատարածքից։
Բացի այս, Տարոն Նավասարդյանը, Կառլեն Մինասյանն ու Տիգրան Արշակյանը բաժնետեր են «Լայմ սթոն» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը քվարցիտներ է որոնելու Վայոց ձորի Արփի բնակավայրի տարածքում։ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը «Լուրերին» ասաց՝ դեռ միայն ընդերքի նկատմամբ հետաքրքրության առաջին փուլում են, «Լայմ սթոն»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է եղել, դեռ նույնիսկ հանքավայրի հստակ տարածքը հայտնի չէ. «Մենք դեռ միայն լսում ենք իրականացրել ու թույլատրել, որ իրենք այդ աշխատանքները իրականացնեն (նկատի ունի երկրաբանահետախուզական) մեր աշխատակիցների հետ միասին, հասկանանք որտեղ է, ինչ է և այլն։ Իրենք մեզ տեղեկացրել են իրենց նախնական անելիքների մասին։ Կոնկրետ դեռ իրենք էլ տեղը հստակ չգիտեն»,- ընկերության հետ շփումների մասին պատմեց Սահակյանը։ Հանրային լսումների ընթացքում միայն համայնքապետն է հարցեր ունեցել «Լայմ սթոն»-ի ներկայացուցիչներին, իսկ ներկայում ընկերության կողմից որևէ աշխատանք չի ընթանում։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Լուրերի» հետ զրույցում Լոռիբերդի վարչական տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ակտիվացման մասին խոսելով ասաց՝ ընդերքօգտագործման նախնական փուլի հետ նախարարությունն առնչություն չունի. «Կոնկրետ այս ընկերությունների հայտերին ծանոթ եմ որպես ոլորտի պատասխանատու և գիտեմ, որ այդպիսի հայտեր կան ու բնապահպանները դրանց հետ կապված բողոքի ձայն էին բարձրացրել։ Ինստիտուցիոնալ առումով դա մեր դաշտում դեռ չի գտնվում»,- ասաց նախարարը։ Լոռիում հանքարդյունաբերողների ակտիվացումը Պետրոսյանը կապում է «ոլորտի ապաքվոտավորման» ու մասնավորապես այն բանի հետ, որ յուրաքանչյուր տնտեսվարող, որ ունի ազատ ֆինանսական միջոցներ, սկսում է հետաքրքրվել նաև հանքարդյունաբերությամբ։ Ռոմանոս Պետրոսյանը ողջունում է նաև բնապահպաններին ու հայտարարում՝ եթե նրանք լսումների ընթացքում իրենց վճռական խոսքը ասեն, հանք չի բացվի։