Ս.թ. Մայիսի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես Ասրյանի համատեղ մամլո ասուլիսը՝ մայիսի 8-ին և 9-ին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կայանալիք միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ (հոգեհանգիստ) մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ապա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ:
Մայիսի 9-ին ժամը 11։00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք։ Նույն օրը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-15։00 նախատեսվում են «Նաղաշ» ծրագիր-բաց դաս, ասմունք, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ, իսկ շրջաններում դպրոցականների և երիտասարդների համար կկազմակերպվեն ռազմահայրենասիրական թեմայով ասմունքի, շարադրությունների մրցույթներ ու այլ ծրագրեր։