Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության նիստին ասաց, որ շահութահարկի դրույքաչափը երկու տոկոսային կետով նվազեցնելու հիմքում եղել է ոչ միայն վարչարարությանը ապավինելը, այլև տնտեսական շարժառիթներ ձևավորելը, որպեսզի տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մոտիվացված լինեն սպիտակ դաշտում:
«Կարևոր է այն տեսակետից, որ, այսպես ասած, ճշմարիտ ուղուց շեղվածները հնարավորություն ունենան վերադառնալ ճշմարիտ ուղի, և այդ տեսակետից տվյալ հսկողությունը շատ կարևոր է, բայց նաև տնտեսական մոտիվացիան, շարժառիթների ձևավորումը կարգավորումների տեսակետից այլընտրանք չունեն: Այդ տրամաբանության հիման վրա է կառուցված նաև մեր բարեփոխումների հետագա օրակարգը, որովհետև ունենք օրակարգ, որը դեռևս սպառված չէ՝ նույն հարկային բարեփոխումների հետ կապված: Ու դրանք թույլ կտան կարգավորումների դաշտում ձևավորել տնտեսական շարժառիթները»,- ասաց Ջանջուղազյանը: