ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Կառավարության նիստը գործադիրի ղեկավարը բացեց տնտեսության վերականգնման դինամիկային վկայող թվերի մասին հայտարարությամբ: Ապրիլի հարկային եկամուտները՝ ներառյալ դրոշմանիշային վճարները, կազմել են մոտ 180 միլիարդ դրամ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է ՀՀ-ի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, մենք կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճար չվճարել: Այս որոշումը ևս որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա:
Հաջորդ ցուցանիշը պետությունը 2018-ին մոտ 276 մլրդ դրամ պարտք ուներ բիզնեսին. 3 տարում վերադարձվել է 200 միլիարդը: Հիշեցրեց՝ ԱԱՀ-ի վերադարձը միշտ եղել է խնդրահարույց, կուտակված էր, նրա խոսքով, 100 միլիարդավոր դրամի անհույս պարտք:
Նիկոլ Փաշինյան - Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում՝ մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: Սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում, և որոնց վերադարձի հույս որևէ մեկը չուներ:
Հաջորդ ցուցանիշը, որին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի դրամաշրջանառության ծավալն է: Գործարքները 8.8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշից, շրջանառության ծավալն ավելի է՝ 130 մլրդ դրամով կամ 26.4 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Ծավալի առումով որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի է, ինչը բավականին լավ և էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Չորս ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից ավելի է 12.3 մլրդ դրամով, իսկ 2019-ի 4 ամիսներից՝ ավելի է 46.5 մլրդ դրամով:
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՀՀ ՄՈՒՏՔԻ ՆՈՐ ՊԱՀԱՆՋ
Հայաստանը երկիր մուտքի նոր պահանջ սահմանեց: Պատվաստման հավաստագիր՝ «կանաչ» անձնագիր ունենալու դեպքում մեր երկիր գալու համար ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա,- հայտարարեց առողջապահության ոլորտի ղեկավարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ» անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ:
Հանվել է մինչև 1 տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը: Հստակեցվել է կորոնաթեստի արդյունք չունեցող, հրաժարվող քաղաքացիների մեկուսացման, հոսպիտալացման կարգը: Որոշումը կարևոր է նաև վերականգնման թույլ նշաններ ցույց տվող զբոսաշրջային ոլորտի համար:
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել: Բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ» անձնագրերը, և այս կարգավորումը պիտի վերաբերի նաև նրանց: ՀՀ-ում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:
ՀՀ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է 7100 ՄԱՐԴ
ժամանակը ցույց տվեց՝ Հայաստանում համավարակի կառավարումն արդյունավետ է: Արդեն պատվաստվել է 7100 մարդ, այդ թվում՝ Կառավարության անդամների մեծ մասը:
Նիկոլ Փաշինյան - Եթե պատվաստումը հասցնեն պատշաճ մակարդակի, մեր տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կարագանա:
Այս առումով վարչապետի պաշտոնակատարը հատկապես հույս հայտնեց, որ բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում պատվաստում տեղի ունենա: Հատկապես հիմա առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, մեծ ձեռնարկությունները կարող են նախարարության հետ պայմանավորվել և գնան, տեղում իրականացնեն պատվաստումը:
Պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների համար կթողարկվեն տարբերանշաններ: Կփակցվեն մուտքի մոտ, որ զբոսաշրջիկները ծառայությունից օգտվելիս վստահ լինեն, որ չեն վարակվի կորոնայով:
Նիկոլ Փաշինյան - Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Մեր օրինակով ցույց ենք տվել, որ պատվաստվելուց հետո դեռ ողջ ենք: Կա հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարենք, կոչ ենք անում պատվաստվել, որովհետև դա է միջոցը, որ աշխարհը ցտեսություն կասի կորոնավիրուսին:
Համաշխարհային բանկը 3 միլիոն 718 հազար դոլար կտրամադրի՝ Արցախում իրականացվող 4 միջոցառման համար:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
15 դպրոց և 10 մանկապարտեզ կառուցելու համար 2 միլիարդ 942 միլիոն դրամով ավելացվեց կրթական գերատեսչության բյուջեն:
Նիկոլ Փաշինյան - Որոշումը կայացվում է ի կատարումն կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: Ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ:
Պատերազմից հետո վերականգնվում է դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորումը: Զուգահեռ իրականացվում է ուսուցիչների ատեստավորումը: Հեռավար կրթության ենթակառուցվածքների ստեղծումը, փոխվում է ուսուցիչների գործուղման համակարգը: