Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ դժգոհելով, որ Սյունիքի վերաբերյալ նրա հայտարարությունները գրեթե չեն լուսաբանվում:
«Դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, գրեթե չեն լուսաբանվել: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ:
Խիստ զգուշացնում եմ հենց այս պահին, այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը, որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիայի տրամադրող են և ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններն աղավաղող: Նրանք պետք է իրականը տրամադրեն մարդկանց, առավել ևս՝ մարդիկ դիտում են նաև սահմաններում:
Հանրային հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք: Ուզում եմ հատուկ ասել՝ ես դա վերցնելու եմ հատուկ մոնիթորինգի տակ, հատկապես, որ հատկացվում են հանրային ֆինանսներ՝ հասկանալու համար, թե անաչառության ինչ աստիճանի է լուսաբանվում»,- ասել է Թաթոյանը: