Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստին նշեց, որ կորոնավիրուսի համավարակի թվերի նվազումը պետք է դիտարկել որպես ոսկե պատուհան և այս ընթացքն օգտագործել՝ պաշտպանվելու հաջորդ ալիքից:
«Ցավոք սրտի, հիվանդացությունը նաև ծանրանում է: Մենք դիտարկում ենք, որ ամեն ալիքի հետ և՛ տարիքային երիտասարդացումը, և՛ ռիսկի խմբերի անձանց մոտ հիվանդության բարդությունները բավական մեծացել են: Ուստի ունենք լավ հնարավորություն, Կառավարությունն էլ ջանք ու միջոց չի խնայել, որպեսզի պատվաստումները հասանելի դարձնի մեր քաղաքացիներին. կարող եք մոտենալ ցանկացած ամբուլատորիա և պատվաստվել: Ունենք նաև շրջիկ խմբեր, քաղաքի բանուկ վայրերում տեղակայված մոբիլ խմբեր: Քաղաքացուց 10 րոպե է ընդամենը անհրաժեշտ»,- նշեց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ աշխարհում հաստատված շուրջ 10 պատվաստանյութ կա, և Հայաստանն ընդունում է տվյալ երկրից եկող զբոսաշրջիկի՝ երկրում առկա պատվաստանյութերով պատվաստվելու հավաստումը: Ըստ նրա՝ եթե տվյալ երկիրը իր քաղաքացուն տվել է «կանաչ» անձնագիր, ապա մեր երկրում դա ընդունվում է:
«Գրեթե տեսանելի է՝ ինչ-որ պահից երկրներն արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքը իրենց տարածք: Սա անխուսափելի հեռանկար է, և օգոստոսից, սեպտեմբերից կարող է հայտնվեն նման երկրներ: Կարևոր է քաղաքացիներին իրազեկել այս մասին այժմ, որովհետև պատվաստման գործընթացը չի իրականացվում մեկ ներարկումով: Պատվաստման գործընթացն իրականացվում է երկու ներարկումով, իսկ ներարկումների միջև ժամկետը կարող է տևել երկու ամիս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկն ուզում է օգոստոսին մեկնել երկրից, ճիշտ կլինի, եթե պատվաստվի հիմիկվանից: