Ինչպե՞ս ընկավ Շուշին. նահանջի հրամանը դիտավորյա՞լ էր, թե՞ պարտադրված: Քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին բոլոր հրապարակումները, Արցախի մի շարք հատվածներում ինչպես կանոնավոր բանակի, այնպես էլ կամավորների կողմից դիրքերն ինքնակամ լքելու, մարտական խնդիրը կատարելուց հրաժարվելու և խուճապ տարածելու վերաբերյալ մամուլի ու ու սոցցանցային գրառումները գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն:
Էդգար Արսենյան (ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Հարցաքննվել են 3 տասնյակից ավելի անձինք ինչպես ներկա, այնպես էլ նախկին զինվորական բարձրաստիճան սպաներ, պաշտոնատար անձինք: Հանձնարարվել է մոնիթորինգ իրականացնել ամբողջ համացանցում, և բոլոր այն տեղեկությունները, որ կապված են Շուշիի, Հադրութի և Մեխակավանի, ինչպես նաև Հորադիզի հետ, պարզվեն և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմին:
Պատերազմի ժամանակ դավաճանության հոդվածի հատկանիշներով քրեական գործը ևս ԱԱԾ-ում է հարուցվել և քննվել: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել որպես դավաճանություն կատարող. նա կալանավորվել է: Մյուսն անցնում է հանցակցության հոդվածով: Այդ գործն արդեն ուղարկվել է դատարան: Դեռ նախաքննության փուլում է՝ հնարավոր չարաշահումներով բանակին գերթանկարժեք զրահաբաճկոն մատակարարելու աղմուկ հանած տեղեկության հիման վրա հարուցված գործը:
Էդգար Արսենյան - ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել, որ ՊՆ պաշտոնյաների կողմից մասնավոր անձի հետ կնքված պայմանագրի շրջանակում մատակարարվել են անհամեմատ բարձի գնի զրահաբաճկոններ, հարուցվել է քրեական գործ, արտերկիր ուղարկվել են հարցումներ, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու բաճկոնների իրական գինն ու պետությանը պատճառված վնասի չափը:
Բանակի համար ձեռք բերված՝ զենիթահրթիռային ՕՍԱ ԱԿԱ հակաօդային պաշտպանության միջոցի և ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների գործը Հատուկ քննչական ծառայությունում է: Դատախազի ցուցումով այս մարմինն է զբաղվում նաև՝ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 19-ի հարցազրույցում հնչեցրած ինֆորմացիայի իսկությունը ստուգելով:
Արմեն Մուրադյան (ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ) - Դատախազությոան կողմից ՀՔԾ են ուղարկվել տեղեկությունները, որ ՀՀ-ի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև Դուբայում հանդիպում է եղել՝ 7 շրջանները 5 մլրդ դոլարով Ադրբեջանին հանձնելու մասին:
Հետպատերազմական փուլում շատերին զայրացրած դեպքերը, երբ հայտնի դարձան՝ ռազմագերիների հարազատներից փողեր շորթելու գործեր, քննում է Ազգային անվտանգության ծառայությունը: Անհետ կորածների ընտանիքներից խարդախությամբ գումար հափշտակելու 5 գործ կա հարուցված, կան նախնական կալանքի տակ գտնվողներ:
Էդգար Արսենյան - Հանցագործները տարբեր՝ 3 քրգործում պահանջել են ծնողներից տարբեր չափի գումարներ՝ հիմնականում ներկայացնելով նույն մեխանիզմը, որ գիտեն՝ իրենց երեխան Ադրբեջանում է, ու իրենք Ռուսաստանի միջոցով կարող են նրանց տեղափոխել Հայաստան:
Բավական մեծաքանակ՝ թվով 1 445 քրեական գործ է հարուցվել զորահավաքից խուսափելու, դասալքության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու, մարտական հերթապահության կանոնները խախտելու վերաբերյալ՝ հայտնում են դատախազությունից:
Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ) - Մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում՝ պաշտոնատար:
Հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նաև իշխանության անգործության դեպքերի արդյունքով հարուցվել է 5, ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք դրսևորվելու վերաբերյալ՝ 9 քրեական գործ: Արցախից ապօրինի դուրս բերված ռազմամթերքը Հայաստան տեղափոխելու դեպքերը 300 են:
Աբգար Առաքելյան (ՀՀ ԳԴ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Արձանագրվել է պատերազմական գործողությունների հետ առնչություն ունեցող 232 դեպք, 192-ով որոշում է կայացվել քրեական գործը մերժելու մասին: Քննված 84 քրգործից 51-ը դեռևս գտնվում է նախաքննության փուլում: Որպես մեղադրյալ է ներգրավվել 28 անձ:
Արցախյան այս պատերազմին առնչվող՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների մասով, ընդհանուր առմամբ, հարուցվել է 1 580 քրեական գործ: 628 անձ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ, ներգրավվել է որպես մեղադրյալ: