ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, մասնավորապես անդրադարձել են օտարերկրյա դիմորդների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության և ուսումնառության կազմակերպման հնարավորություններին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է բուհում ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան միջավայրի ապահովումը, ինչը կգրավի նաև մեծաթիվ օտարերկրացի ուսանողների:
Այս համատեքստում քննարկվել են ՀՖԿՍՊԻ կրթական ծրագրերի միջազգայնացման և լրացուցիչ մասնագիտական կրթության զարգացման հնարավորությունները, բուհում վերապատրաստման ծրագրերի բազմազանության ապահովումը:
Բուհի միջազգայնացման շրջանակում առաջարկվել է նաև ընդլայնել միջբուհական համագործակցությունը՝ դիտարկելով նաև ուսանողների և դասախոսների կարճաժամկետ ու երկարաժամկետ փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կարող է ներառվել ինստիտուտի զարգացման ռազմավարական ծրագրում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել բուհի ներկայացրած առաջարկներին և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: