Իսպանացի պատգամավորները խնդրում են Իսպանիայի կառավարությանը՝ միջամտել բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում: Նախաձեռնությանը միացել է Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ:
Նամակը սկսվում է հիշեցմամբ, որ Բաքուն դեռևս հրաժարվում է կիրառել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական հումանիտար դրույթներից մեկը, այն է՝ ռազմագերիների ազատ արձակումը:
«Փետրվարի 26-ի մամուլի ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, թե նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարել էին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ու ջիհադիստ վարձկանները, սակայն համաձայնագրի ստորագրման պահին այն գրավված չի եղել։ Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները»։
Պատգամավորների նամակում ներկայացված են մանրամասներ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, համեմատություն կա Հայոց ցեղասպանության հետ: Իսպանացի քաղաքական գործիչները հիշատակում են հայ գերիների հանդեպ վերաբերմունքը, որը երևում էր հենց ադրբեջանցիների տարածած տեսանյութերում: Միջնորդությանը միացած պատգամավորը «Լուրերի» հետ զրույցում հույս հայտնեց, որ Իսպանիան ջանքեր կգործադրի հարցի լուծման համար:
Կառլես Մուլետ Գարսիա (Իսպանիայի Սենատի անդամ) - Այս փաստաթուղթը միջազգային հանրության կողմից ադրբեջանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու ևս մեկ միջոց է, որ այն վերադարձնի ավելի քան 200 հայ զինվորներին: Ադրբեջանը չի պաշտպանում 2020 թվականին ստորագրված հրադադարի հայտարարության կետերը և քաղաքականացնում է գերիների թեման: Ուստի ցանկանում ենք, որ այս հարցում փոքր-ինչ պասիվ Իսպանիան ևս լծակներ կիրառի, որպեսզի այս խնդրին լուծում տրվի:
Պատգամավորների նախաձեռնությանը միացել են նաև համայնքային խորհրդարանների անդամներ: