«Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում, և մարդու հիմնարար իրավունքները մարդկային համակեցության լավագույն միջոցն են: Մենք հասկանում ենք, որ հարձակումներն այդ արժեքների նկատմամբ անհրաժեշտ հակազդման միջոցների պետք է արժանանան: Ժողովրդավարությունը մարդկության լավագույն քաղաքական ստեղծագործությունն է, և այն ամեն գնով պետք է պաշտպանել»,- ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն տևական ժամանակ գտնվում է հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ:
«Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգարխիկ, մաֆիական շրջանակները այդ արշավի անքակտելի մաս են կազմում: Այդ կուսակցությունների մի քանիսի վարկաբեկումից հետո տեսնում ենք, որ նորերն են ստեղծվում՝ կեղծ, ավանդական, ազգայնական, այսպես ասած, պետականամետ օրակարգերով նարատիվներ են ստեղծում, և իրականում նրանք գործում են ակնհայտորեն Հայաստանի շահերի դեմ, Հայաստանի քաղաքացու դեմ»,- նշեց Բաբաջանյանը:
Բաբաջանյանը նաև նշեց, որ մարտի 1-ի գործով դատարանի վերջին որոշումը չափազանց լուրջ խնդիրներ է առաջացնում մարդու իրավունքների տեսանկյունից:
«Եթե հիշում եք՝ Ձեր իրավանախորդը նախորդ իշխանությունների կողմից արժանացավ Քոչարյանի ամենաանհաջող կադրը լինելու կոչմանը: Դրա պատճառն էր Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իշխանությունից տարբերվող տեսակետը և նաև արտահերթ զեկույցը, որում դուք ևս, կարծեմ, մասնակցություն եք ունեցել, պարոն Թաթոյան: Այս իրադարձությունների արդյունքում դատական նիստում, որի մասին տեղյակ եք, ըստ էության, խախտվել է առնվազն Եվրոպական կոնվենցիայի երկու հոդված»,- ասաց Բաբաջանյանը: