Կադրում դուք հիմա տեսնում եք Հանրայինի լրատվական ծառայության օպերատոր Ռոմիկ Խաչատրյանին՝ պատվաստվելուց րոպեներ առաջ: կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ չափեցին ճնշումը, ջերմությունը, ստուգեցին արյան մեջ թթվածնի քանակը, այսինքն՝ սատուրացիան, համոզվեցին, որ թոքերի վիճակը բավարար է, նոր պատվաստեցին:
Երևանի քաղաքապետարանի ու առողջապահության նախաձեռնությամբ քաղաքացիներն արդեն կարող են պատվաստվել նաև շրջիկ պատվաստումային կետերում: Երևանում այսօր ծավալվել է երկու շրջիկ կետ, որոնցից մեկը՝ առևտրի խոշոր կենտրոններից մեկում, մյուսը՝ Հյուսիսային պողոտայում:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Հաշվի առնելով նաև բնակչության պահանջարկը, մատչելիությունը, հասանելիությունը, որպեսզի կարողանան, որոշում կայացրեցինք, որ նաև շարժական պատվաստումային կետեր Երևանում, Վանաձորում և Գյումրիում ծավալենք, որպեսզի բնակչության համար հասանելի լինի: Եվ այդ որոշումը ճիշտ էր, քանի որ հենց առաջին պահից քաղաքացիները մոտեցել են և մեզ համար շատ ողջունելի էր, որ դեռևս սառնարան-պայուսակները նոր էին բացել, հետաքրքրությունը մեծ էր, հենց առաջին պահից հետաքրքրությունը մեծ էր, պատվաստում ստացան: Առաջին երեքն էլ մեր՝ ՀՀ քաղաքացիներ էին:
Եթե դուք էլ պատվաստվելու ցանկություն ունեք, բայց ժամանակ չունեք, Հյուսիսային պողոտայի այս հատվածում օրվա ցանկացած ժամի շտապօգնության մեքենաներ կտեսնեք: Կարող եք մոտենալ, տեղում պատվաստվել: Շաբաթ և կիրակի օրերին շրջիկ կետերն ավելի երկար կաշխատեն:
լայվեր-պատվաստվողներ
Բոլոր պատվաստվողներին զգուշացրին. հնարավոր է՝ առաջիկա երկու-երեք օրերին հետևյալ նշաններն ունենան՝ մկանային ցավեր, հոդացավեր, ջերմության բարձրացում կարող է լինել, սրտխառնոց, դիսկոմֆորտի զգացում և վերջ, ինչին մեծ ուշադրություն դարձնել չի կարելի:
Այսօր պատվաստված բոլոր քաղաքացիներին հաջորդ դեղաչափը ստանալու հրավիրեցին ուղիղ 2 ամիս անց: Պատվաստման կարգն է այդպես՝ երկու դեղաչափով, երկու ամիս տարբերությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից վստահեցնում են, որ պատվաստման հանդեպ քաղաքացիների հետաքրքրությունն օրեցօր մեծանում է. եթե ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանում ամեն օր 30-40 մարդ էր պատվաստվում, վերջին օրերին այդ թիվը հասնում է 1000 դեղաչափի:
Գայանե Սահակյան - Երեկվա դրությամբ մոտ 5000 քաղաքացի պատվաստում է ստացել: Միանշանակ, շարունակելու ենք աշխատանքի մեր այս ոճը: Սա ինչ-որ չափով նաև պոլիկլինիկաների աշխատանքն է թեթևացնում:
Մոտ օրերս արդեն պատվաստումներ կիրականացվեն նաև չինական «Սինովակ» ապրանքանիշի «Կորոնավակ» պատվաստանյութով, իսկ այսօր շրջիկ պատվաստումային կետում պատվաստված անձինք ստացան «Աստրազենեկա» պատվաստանյութ, քանի որ այս պահին ռիսկի խումբ չհանդիսացող, բայց պատվաստվել ցանկացող քաղաքացիների համար նախատեսված է այդ պատվաստանյութը: