Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս՝ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնը՝ հավելելով, որ ժամանակը և դինամիկան բերում է այն համոզմունքի, որ իրենք բավականին լավ են կառավարել ու կառավարում համավարակը:
«Ես հիշում եմ, որ 2020-ի մայիսին, հունիսին, հուլիսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020-ից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև էսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակը, և նայել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:
Ամենաճգնաժամային հետպատերազմական շրջանում ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայենք նախորդ 10 օրվա դինամիկային, կարող ենք արձանագրել, որ կայունանում է վիճակը»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, մենք անհավանական արագություն ենք զարգացնում հիվանդանոցները կորոնավիրուսային հիվանդության բուժման կենտրոնների վերածելու և նորմալ աշխատանքային ռիթմի վերադարձնելու հարցում:
Ես ուզում եմ, որ մենք կրկին կենտրոնականք պատվաստման գործընթացի վրա՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ երեկվա տվյալներով ունենք 7100 պատվաստված քաղաքացի:
«Պատվաստման գործընթացն առաջին հերթին ունի առողջապահական, բայց նաև տնտեսական կարևոր նշանակություն: Որովհետև հատկապես զբոսաշրջության առումով հիմա զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում, և դրանք ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Հայաստանը պետք է շատ արագ համալրի «կանաչ» երկրների շարքը: Եթե մենք պատվաստումը հասցնենք «կանաչ» մակարդակի, տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կարագանա»,- նշեց Փաշինյանը՝ արձանագրելով, որ Կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է: