Ադրբեջանցի երիտասարդ քաղակտիվիստ Բայրամ Մամեդովին մահացած են գտել Ստամբուլում. նրա մարմինը հայտնաբերել են ծովում: Ոստիկանությունը մահվան մի քանի տարբերակ է դիտարկում: Բայրամ Մամեդովը հայտնի էր դարձել 2016 թ. մայիսի 9-ին, երբ մեկ այլ ակտիվիստի հետ քաղաքական կարգախոսներ էր գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Մի քանի օր անց նրանց ձերբակալել և թմրավաճառության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման էին դատապարտել: 2019 թ. մարտին նրանց ներում էր շնորհվել: Երկու շաբաթ անց Մամեդովը, ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով, կրկին ձերբակալել էր և 30-օրյա վարչական կալանքի դատապարտվել։
-------
Հինգշաբթի Շոտլանդիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և, ըստ հարցումների, անկախության կողմնակիցները մեծամասնություն կկազմեն խորհրդարանում, ինչը հնարավորություն կտա նոր հանրաքվե պահանջել Մեծ Բրիտանիայից անջատվելու վերաբերյալ, ինչին Լոնդոնը համաձայն չէ: Եթե Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը մոտ ժամանակները համաձայնություն չտա, շոտլանդացիները նախատեսել են օրենք ընդունել հանրաքվեի մասին, անհրաժեշտոոթյան դեպքում իրենց իրավունքը պաշտպանել նաև դատարանում:
------
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը, երկրի պատվաստված քաղաքացիների թիվը հասցնել 160 միլիոնի: Այսօրվա դրությամբ ԱՄՆ բնակչության 56 տոկոսից ավելին ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, գրեթե 105 միլիոն մարդ ամբողջովին պատվաստվել է: Ըստ պաշտոնական տվյալի՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է ավելի քան 577 հազար մարդ: Վարակակիրների թիվը 32 միլիոնից ավելի է:
------
28-օրյա ժամկետում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: Ստեղծված վիճակից դուրս գալու մի քանի տարբերակ կա: Նախագահը կարող է Նեթանյահուին ևս 14 օր ժամանակ տալ կամ 28 օր մեկ այլ քաղաքական գործչի՝ կոալիցիա ձևավորելու համար: Եթե բոլոր բանակցություններն արդյունք չտան, Իսրայելին երկու տարվա ընթացքում սպասվում է հինգերորդ ընտրությունը:
------
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ պաշտոնանկությունից հետո որոշել է մի քիչ քնել, լինել բնության գրկում, հետո միայն մտածել ապագա ծրագրերի մասին: «Ես անհամբեր սպասում եմ դրան, բայց առայժմ հաճույքով կատարում եմ իմ գործը»,- ասել է Մերկելը: 2005 թվականից նա զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը, արդեն հայտարարել է, որ ներկայիս պաշտոնավարման ժամկետը վերջինն է: Սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, արդյունքում կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերով: